Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը:

Բացման արարողությանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ֆորումին մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևանի շուրջ 120 երիտասարդներ։ Ֆորումը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Նշենք, որ 2021-2025 թթ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության միջոցով պետությունը սահմանում է երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, հիմնական նպատակները և գործողություններն առաջիկա 5 տարիների համար։

Ֆորումի ընթացքում կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտում Հայաստանի Հանրապետության գերակայությունները, երիտասարդներին մտահոգող առկա խնդիրները, այդ խնդիրների լուծման գործում նրանց տեսլականը, երիտասարդների զարգացման, ինքնաիրացման, ինքնադրսևորման և բարեկեցության ապահովման մեխանիզմները, պայմաններն ու ռեսուրսները։