Այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և վերջինիս կողմից ՀՀ Տավուշի մարզի 6 գյուղական համայնքներում իրականացված «Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության աշխատակիցները:

Հանդիպման նպատակն էր Տավուշի մարզի 6 համայնքների աշակերտական խորհուրդների ակտիվ ներկայացուցիչների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեությանը ծանոթանալը, ԱԽ-ների գործունեության և ընդհանրապես հանրակրթության վերաբերյալ հարցեր բարձրաձայնելն ու քննարկելը:

Հանրակրթության վարչության պետ Ա. Բաղդասարյանը ողջունել է ներկաներին և նրանց հուզող հարցերին և բարձրաձայնած խնդիրներին համատեղ լուծում առաջարկելու պատրաստակամություն հայտնել:

Աշակերտները հարցեր են ուղղել կրթության, կրթական համակարգի, մասնագիտական կողմնորոշման, աշակերտական խորհուրդների գործունեության զարգացման վերաբերյալ:

Հանրակրթության վարչության աշխատակիցները տեղեկացրել են, որ օրերս «Ապահով դպրոց» ծրագրի մասնակցության մրցույթ կհայտարարվի, որի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով: Դպրոցական անձնակազմին կոչ են արել ակտիվ լինել և մասնակցել՝ այդ կերպ ևս նպաստելով դպրոցների առաջընթացին:

Աշակերտներին հուզող առանցքային հարցն աշակերտական խորհուրդների դերի բարձրացումն էր, մասնավորապես՝ այլ համայնքների ԱԽ-ների հետ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումը, տնօրենների ընտրության նոր համակարգում, կառավարման և մանկավարժական խորհուրդներում ԱԽ-ների լիազորությունների ընդլայնումը, ֆինանսական աջակցությունը:

Ի պատասխան՝ Ա. Բաղդասարյանն ընդգծել է, որ աշակերտական խորհուրդների կանոնադրությունը չի սահմանափակում միջդպրոցական համագործակցությունները, որոնք կարող են ընդլայնվել նաև առարկայական օլիմպիադաների շրջանակում: «Եղե՛ք ակտիվ և մեզ էլ ակտիվացրե՛ք»,- կոչ է արել Հանրակրթության վարչության պետը՝ հորդորելով արդյունավետ աշխատել նաև ԿԳՄՍ նախարարին կից գործող աշակերտական խորհրդի՝ իրենց մարզի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես նախարարի պաշտոնակատար Վ. Դումանյանն է բնորոշել, մարզի դեսպաններն են:

Տեղեկացնենք, որ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Պետական դեպարտամենտի աջակցությամբ իրականացնում է «Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել անկախ և հաշվետու աշակերտական խորհուրդների ձևավորմանն ու աշակերտների շրջանում քաղաքացիական արժեքների ու մասնակցային մշակույթի ամրապնդմանը: Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի 6 գյուղական բնակավայրերի (Ներքին Ծաղկավան, Սևքար, Այգեհովիտ, Չինչին, Նորաշեն, Մովսես) դպրոցներում: