Ուսուցիչներ Զարուհի Պետրոսյանը, Աիդա Պետրոսյանը և Զավեն Պետրոսյանը ԿԳՄՍՆ-ի «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել էին «Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումները» ծրագիրը՝ արժանանալով հաղթողի կոչմանը: Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նախագծի արդյունավետությունն ապացուցվել է համագործակցող ուսումնական հաստատություններում՝ Արթիկի թիվ 3 ավագ, թիվ 2 հիմնական և Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցներում:

Նախագծի հեղինակներն առաջարկում են ծրագիրը սկսել միջին դպրոցից՝ հետագայում այն շարունակելով ավագ դպրոցում: «Մեր ծրագրի նպատակն է դասապրոցեսում ներդնել ուսուցման նոր և այլընտրանքային ձևեր, որոնք կնպաստեն սովորողների իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների համապարփակ զարգացմանը: Դասերի կամ արտադասարանական միջոցառումների ժամանակ գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը հնարավորություն կտա տվյալ առարկայի մեկ դասաժամի (մեկ միջոցառման) ընթացքում, խնդրահարույց իրավիճակներ ստեղծելով, հնարավորինս մեծ թվով աշակերտների ներգրավել դասապրոցեսում և, ըստ այդմ, առավել մրցակցային դարձնել դասը»,- նշում է ծրագրի համահեղինակ Զարուհին և հավելում, որ դասի ընթացքում նկարագրվող երևույթի բնագիտական մեկնաբանությանը կհաջորդի գեղագիտական դրսևորումների անդրադարձը կամ հակառակը, ինչպես նաև դրանում կներառվեն հետազոտության տարրեր ու խաղեր:

«Աշակերտները կզգան մաթեմատիկական, գեղարվեստական և ալգորիթմական ոճի մտածողությունների հրապույրն ու անհրաժեշտությունը, ավելի շատ կառնչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և օտար լեզուների հետ, ինչպես նաև կմեծանա տարբեր առարկաների ուսուցիչների ստեղծագործական կապը: Մեր ներկայացրած 100 էտյուդներից յուրաքանչյուրում («Էտյուդներ՝ մտքի և հոգու ելևէջներից») որևէ երևույթի կամ հասկացության գիտական մեկնաբանությանը նախորդում է բանաստեղծական, պատկերավոր նկարագրությունը և ավարտվում նկարչի, երգահանի, քանդակագործի ու ճարտարապետի աշխատանքի վերլուծությամբ: Այնտեղ կան նաև այլ հետաքրքրաշարժ նյութեր»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում նախագծի մյուս համահեղինակը՝ Աիդան:

Զավեն Պետրոսյանի խոսքով՝ գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը նաև դասավանդման մեթոդիկայի տարբեր տարրերի ներգրավման հնարավորություն է ընձեռում, մասնավորապես, ֆրոնտալ դասավանդումից անցում փոքր խմբերի հետ աշխատանքի, տեղեկատվության հաղորդումից՝ դեպի նյութի ինքնուրույն յուրացում, այդ թվում՝ քննադատական և ստեղծագործական մտածողության որակների զարգացում, ինչպես նաև տվյալ թեմային նվիրված դասաժամերի քանակի արհեստական մեծացում, օրինակ՝ բնագիտություն+արվեստ:

Ըստ ծրագրի հեղինակների՝ գաղափարները և հասկացությունները, որոնք ընտրվում են այդպիսի մոտեցմամբ ուսուցման համար, պետք է ողջամիտ հաջորդականությամբ (պարբերականությամբ) ուսուցանվեն, որպեսզի չխաթարվեն դասագիտական այլ սկզբունքներ՝ տվյալ առարկաների առանձնահատկությունները և պահանջվող խորությունը: Ծրագիրն իրականացնելու կարևոր նախապայման են նաև ուսուցիչների պատրաստվածության մակարդակը, աշակերտական համակազմի նախնական գիտելիքները, նախասիրությունները, ժամանակի թելադրած առաջնահերթությունները և այլն:

«Կարևոր է հարցնել աշակերտներին, թե ի՞նչ են նրանք ցանկանում սովորել, և վստահաբար ականատես կլինեք աշակերտների ակտիվ մասնակցությանն ու բարձր առաջադիմությանը, երբ լսեք, թե նրանք ինչպես են պատասխանում իրենց իսկ առաջադրած հարցերին: Մեր փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցում կա համապատասխան ավանդույթ (բանավիճային ակումբներ, ակտիվ գործող աշակերտական խորհուրդներ և այլն), ապա ինտեգրված որևէ միավորի կամ երևույթի բազմակողմ քննարկման մոդելի ստեղծման նախաձեռնողները հաճախ իրենք՝ աշակերտներն են դառնում»,- փաստում են մրցույթի հաղթող ուսուցիչները:

Նրանք վստահ են՝ գիտության ու գեղարվեստականի զուգորդումները հաճախ վճռորոշ դեր են խաղում աշակերտների ապագայի տեսանկյունից, և նրանք գիտակցված մասնագիտական ընտրություն են կատարում:

«Երբ աշակերտների շրջանում ընդունվում է երևույթի բազմավեկտոր ուսուցման մոդելը, այլ ուսուցիչներ ևս գալիս են նույն դաշտ՝ իրենց գաղափարներով ու առաջարկություններով: Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումներով ուսուցման արդյունավետությունը մենք բազմիցս փորձել ենք հիմնավորել ինչպես տարբեր պարբերականներում տպագրած հոդվածներով, պատրաստած տեսաֆիլմերով ու գիտագործնական կոնֆերանսներում ունեցած ելույթներում, այնպես էլ՝ գործնականում»,- նշում են ծրագրի հեղինակները և հավելում, որ մանկավարժական հանդեսներում ևս բարձրացրել են այդ հարցը՝ արդեն կոնկրետ թեմաների կառուցվածք-առաջարկով կամ իրենց վարած դասերը վերլուծելով:

Ուսուցիչները վստահեցնում են՝ ծրագրով նախատեսված բոլոր նախաձեռնությունները համագործակից դպրոցների աշակերտները և ծնողները խանդավառությամբ են ընդունել. կտրուկ մեծացել են աշակերտների հետաքրքրությունը, գիտելիքների քանակն ու որակը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշումը: