Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում կայացել է նաև կառույցի նախագահի ընտրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի նախաձեռնությամբ՝ ընտրությունների անաչառությունն ապահովելու համար դրանց հետևել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Նրանցից Յուրի Զայցևը, համաժողովի մասնակիցներին փոխանցելով Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովի ողջույնները, ընդգծել է այս ընտրության կարևորությունը. «Միջազգային ֆեդերացիայի համար շատ կարևոր է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ունենա մշտական նախագահ: Երբ մեր անդամը չունի նախագահ, նշանակում է՝ տվյալ երկրից չկա ներկայացուցիչ, որի հետ կարող ենք բռնցքամարտի զարգացման շուրջ լիարժեք երկխոսություն ծավալել»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Իսրայել Հակոբկոխյանի և Հովհաննես Հովսեփյանի միջև. քվեների 67-10 հարաբերակցությամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին ղեկավարությանը և ողջունել ընտրության կայացման փաստը. «Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին և ղեկավարությանը՝ հայկական բռնցքամարտի զարգացմանն ուղղված անուրանալի աշխատանքի համար: Նրանց ղեկավարության տարիներին մենք ունեցել ենք հրաշալի հաղթանակներ: Շնորհակալ եմ և մաղթում եմ անձնական հաջողություններ: Ինչ վերաբերում է ընտրությանը՝ վերջին շրջանում հայկական բռնցքամարտի պառակտված վիճակն անընդունելի էր: Հայկական բռնցքամարտին պատիվ չի բերում միջազգային մրցաշարերին երկու թիմով մասնակցելը: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ երբեմնի ավանդույթները վերականգնելու և բարձր արդյունքներ գրանցելու համար: Հույս ունեմ՝ նորընտիր նախագահը կկարողանա լուծել առկա խնդիրները, իսկ պետությունը կլինի ֆեդերացիայի կողքին»:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ սա միասնականության ընտրություն էր. «Բոլորս լինելու ենք մեկ բռունցքի նման միասնական և ջանք չենք խնայելու հայկական բռնցքամարտը զարգացնելու համար»: