ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ ՀՀ պետական բյուջեով Գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք միտված են նաև գիտական կադրերի պատրաստմանը:

Խմբի ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող, 40-ից բարձր տարիքի անձը: Խումբը կարող է ունենալ նաև համաղեկավար, որի առկայությունը պարտադիր է, եթե ղեկավարի տարիքն անցնում է 70-ից, և ողջունելի, եթե թեման վերաբերում է մեկից ավել մասնագիտությունների: Խումբը պետք է ունենա նաև օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 30 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին: Խմբի ղեկավարի, համաղեկավարի ու օտարերկրյա գործընկերոջ համար պարտադիր պայման է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում բարձր վարկանիշ ունեցող հրապարակումների առկայությունը:

Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը (ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը: Նախագծի մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության արդյունքները գնահատելուց հետո կորոշվի թեմայի ֆինանսավորումը ևս երկու տարի շարունակելու նպատակահարմարությունը:

Նախագծի մեկնարկից մեկ տարի անց խմբի ղեկավարը հնարավորություն կունենա խմբում ընդգրկել թեմային առնչվող մասնագիտությամբ մինչև երկու ուսանող: Խմբում ուսանող ներգրավելու դեպքում թեմայի ֆինանսավորումը համապատասխանաբար կավելացվի:

Այսպիսով՝ մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավել նոր միջազգային դրամաշնորհներ։

Մայիսի 6-ին` ժամը 15:00, ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան 0028, Օրբելի փ. 22) տեղի կունենա մրցույթին նվիրված տեղեկատվական հանդիպում:

Մրցույթին մասնակցելու հայտը պետք է ներկայացնել առցանց` գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում` մինչև 2021 թ. հունիսի 18-ը, ժամը 18:00-ն ներառյալ րցույթի հրավերը հետևյալ հղումով՝ http://scs.am/am/27-04-2021):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեից` աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, հեռ.` 21-01-40 (118):