Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք, որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, վերապատրաստման ծրագրին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան, վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • վերոնշյալ ծրագիրն ու թեմատիկ պլանը,
  • տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը, հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները, տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
  • 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2021 թվականի մայիսի 18-ը ժամը 13:00-ը դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով escs.am և ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը: