Մադրիդում կայացել է սուսերամարտի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարը, որում աշխարհամասի յուրաքանչյուր երկիր ունեցել է մեկ ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան խոցասուսեր մրցաձևից 26 ուժեղագույնների պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը, սակայն, բավարար չի եղել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Հայաստանի խոցասուսեր մրցաձևից սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի խոսքով՝ Էմմա Պողոսովայից սպասելիքները մշտապես մեծ են, իսկ այս արդյունքից դժգոհ չեն:

«Իր փորձի և աշխատասիրության շնորհիվ Էմման կարող է ավելի մեծ արդյունքների հասնել, բայց հաշվի առնելով մրցաշարի մակարդակը՝ դժգոհելու առիթ էլ չունենք»,- ասել է մարզիչը և տեղեկացրել, որ Պողոսովայի հաջորդ միջազգային մրցաշարը լինելու է Եվրոպայի առաջնությունը:

Արմեն Նավասարդյանի խոսքով՝ եթե արտառոց ոչինչ չլինի, ապա հունիսի 15-20-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ. Պողոսովայից բացի՝ եվրոպական ստուգատեսին կմասնակցեն Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) և Էդուարդ Հովիկյանը (խոցասուսեր): Նախքան Եվրոպայի առաջնությունն էլ կկայանա Հայաստանի սուսերամարտի գավաթի խաղարկությունը: