ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը. ԻԿՈՄՕՍ- Հայաստան կոմիտեի ղեկավար Գագիկ Գյուրջյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է համաժողովի անցկացման կարևորության մասին՝ նշելով, որ այն իր ձևաչափով առկա աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում աննախադեպ է:

«Համաժողովին մասնակցելու են հուշարձանների պահպանության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ, որ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, ձևակերպելու և քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները՝ ուղղված հուշարձանների պահպանությանը»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նույնպես կարևորել է Արցախի պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասների հիմնախնդրին ուղղված համաժողովի կազմակերպումը և թվային տվյալներով անդրադարձել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու կեղծարարության ինստիտուցիոնալ քաղաքականությանը:

«Շուրջ 2000 պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար և 4 մատուռ մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Բացառությամբ Տիգրանակերտի և Քաշաթաղի թանգարանների և մասամբ Շուշիի գորգերի թանգարանի պատմամշակութային արժեքների՝ դժբախտաբար մնացածը հայտնվել են թշնամու վերահսկողության տակ»,- ցավով նշել է ԱՀ նախարարը՝ ներկայացնելով պատերազմի ավարտից հետո ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում կազմված՝ օկուպացված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանն ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո մշակութային ժառանգության պահպանության հարցը դարձել է օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաև տեղեկատվական, քարոզչական ոլորտում:

«Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա»,- փաստել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծել է, որ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները կարող են էական լինել: Նա առաջարկել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի, գործուն աշխատել նաև այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև արտասահմանում ապրող հայագետները, և նրանց ռեսուրսն արժե օգտագործել:

Ասուլիսից հետո մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը: