Բեյրութի Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել են Հայ կաթողիկե Պատրիարքարանի գավթում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և ծաղկեպսակ խոնարհել նահատակների հիշատակին:

Վարժարանի տնօրեն Կ. Գալուստն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հակառակ բոլոր դժվարություններին՝ Մեսրոպյան վարժարանում ուսանող սաները մշտապես դաստիարակվել են հայկականության ոգով ու մտքով, և այդպիսով վարժարանը կատարել է իր պարտքն ազգի ու հայրենիքի հանդեպ

Տնօրենը հիշեցրել է, որ երջանկահիշատակ Աղաճանյան կարդինալ պատրիարքի որոշմամբ՝ 1939 թ․-ին Բեյրութի սրտում կանգնեցված Պատրիարքարանի հուշակոթողը Ցեղասպանության նվիրված նշանակալի առաջին և ամենահին կոթողն է ամբողջ աշխարհում: Կ. Գալուստն աշակերտներին կոչ է արել կյանքում կայանալու համար չսահմանափակվել միայն մասնագիտությամբ ու աշխատանքով, այլև հավատարիմ մնալ ազգային և հոգևոր արժեքներին, որով առաջնորդվել են վարժարանում:

Վարժարանի աշակերտների ներկայացուցիչ Փերլա Փյուսկյուլյանը հիշատակել է նաև ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմում զոհված հայ զինվորներին, որոնք ևս միացան Ցեղասպանության նահատակներին: Նա իր սերնդակիցների անունից խոստացել է հավատարիմ մնալ հին ու նոր նահատակների կտակին, ամուր կառչել մայրենիին և ազգային արժեքներին ու ջանք չխնայել՝ նպաստելու արդարության վերականգնմանը և հայ ժողովրդի անկատար իղձերի իրականացմանը:

Մեսրոպյանի հոգևոր տեսուչ Տեր Ռաֆֆի քահանա Հովհաննիսյանն էլ աշակերտներին բացատրել է Ցեղասպանության զոհերի հուշակոթողի խորհրդանիշները՝ մասնավորապես ընդգծելով, որ հայ ժողովրդին խորհրդանշող սյան վերին հատվածն ավերված տեսք ունի՝ խորհրդանշելով Ցեղասպանությունը, սակայն դրանից վերև խոյանում է Սուրբ Խաչը, որը, անկասկած, խորհրդանշում է հարություն և հույս, որոնցով հայ ժողովուրդը ջարդից, տարագրությունից և աքսորից դուրս եկավ հաղթանակած և կրկին ոտքի կանգնեց: