Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:
Օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ Սվետլանա Ղազարյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին գալիք մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ համավարակի պայմաններում և պատերազմի օրերին կենտրոնացրած ներուժի և ջանքերի համար՝ հանդես գալով տարբեր զորամասերում ու հարթակներում. «Պարը միայն պար չէ, այն լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն գործիքներից և միջոցներից մեկն է: Ընդհանրապես, ինչպես երաժշտությունը, պարը նույնպես յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած թատրոնով: Զուր չեն ասում, որ թատրոնն արձակ պար է, այսինքն՝ որտեղ կա շարժում, այնտեղ կա էքսպրեսիա, գեղագիտություն»:
Նախարարի տեղակալը փաստել է, որ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը:
«Սա կարևորագույն ոլորտ է, նաև՝ մինչև վերջ չգնահատված: Այս ոլորտի ներուժը, ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա մինչև վերջ գիտակցված չէ, և պատահական չէ, որ պարի ոլորտն ամենահամեստ ոլորտն է»,- հավելել է Արա Խզմալյանը և փաստել, որ բացի օպերային թատրոնից՝ պետական պարային կազմակերպությունները չունեն իրենց կցված գույք, տարածք և մշտական բեմահարթակներ, սակայն միևնույն ժամանակ նրանք ունեն կամք՝ չընկրկելու, խնդիրներին չտրվելու, և յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով առաջ է տանում բնագավառը:
«Տարին հագեցած է ոլորտի երախտավորների հոբելյաններով՝ Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի, Աննա Մարիկյանի 80-ամյակները, Մաքսիմ Մարտիրոսյանի 90-ամյակը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ավելացրել, որ տարվա ընթացքում դեռևս անդրադարձ է լինելու վաստակաշատ արվեստագետներին:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող սերնդափոխության հարցին և ուրախությամբ նշել, որ ընթացքը նկատելի է, ինչը տեղի է ունենում քայլ առ քայլ և զգուշորեն:
Նախարարի տեղակալն իր խոսքն ամփոփել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերիի մտքերով. ««Ինձ երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից»: Մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ մարմինը կարողանում է հաղորդել հոգու բոլոր ելևէջները, նրբությունները»:
Նախարարության ենթակայությամբ գործող պարային կազմակերպությունների ղեկավարները մասնագիտական տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել են գործընկերներին, ոլորտի ներկայացուցիչներին և ներկայացրել առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ սերտ համագործակցության մեջ են Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ, ինչպես նաև ակտիվ գործակցություն է ընթանում պարային մյուս կազմակերպությունների միջև:
Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպություններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով: