Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Հայաստանը ներկայացնելու է ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում, դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։ Այս վարժությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուս Նիկիտա Նագոռնին, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Ջո Ֆրեյզերը (Մեծ Բրիտանիա)։ Նժույգթափերի եզրափակչին մասնակցել է նաև Գագիկ Խաչիկյանը, ով, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, 14.033 միավորով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Արթուր Դավթյանը մասնակցել է նաև հենացատկի եզրափակչին, սակայն այստեղ հայ մարմնամարզիկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (14.499 միավոր):
Բացի վերոնշյալ մարմնամարզիկներից՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են նաև Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը։ Վերջինիս չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը, իսկ Արթուր Ավետիսյանը (14.866 միավոր) և Վահագն Դավթյանը (14.658 միավոր) օղակներ վարժությունում զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 8-րդ տեղերը։