Ապրիլի 19-ից Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցում է 37 երկրի շուրջ 450 ըմբիշ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն ավարտել է ելույթները՝ նվաճելով 1 բրոնզե մեդալ: 70 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:3 հաշվով հաղթելով Միխայիլ Սավային (Մոլդովա):

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Լիտվայի ներկայացուցիչ Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10:5 հաշվով պարտության է մատնել լեհ Կշիշտոֆ Օլենչինին, իսկ կիսաեզրափակչում 3:5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրաիլ Կասումովին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ), իսկ Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել եվրոպական ստուգատեսը:

Ապրիլի 22-ից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները. Հայաստանի հավաքականից մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ):