«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Սյունիքում և Արցախում անցկացրել է «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Ծրագրում ընդգրկված են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, Շինուհայրի, Ստեփանակերտի, Մարտունու և Հադրութի գործող երգչախմբերի երեխաները:
«Երգով ու սիրով» ծրագրի առաջին փուլում Սյունիքի համայնքների և Արցախի տաղանդավոր պատանիների հետ անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ և երգչախմբերի համատեղ փորձեր: Ապրիլի 9-ին Գորիսում Տիգրան Հեքեքյանը մի հարկի ներքո էր հավաքել Գորիսի Սաթյանի անվան թիվ 1 դպրոցի, Շառլ Ազնավուրի անվան դպրոցի, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երգչախմբերի և Տաթևի «Զանգեր» խմբի երեխաներին: Ապրիլի 10-ին փորձեր են արվել Կապանի թիվ 1, 2, 3 երաժշտական և արվեստի դպրոցների, Քաջարանի, Մեղրիի «Արևիք» արվեստի դպրոցների մանկական երգչախմբերի հետ։
Վարպետության դասերի ընթացքում մաեստրոն երեխաների հետ զրուցել է երգեցողության հնարքների և հմտությունների, ինչպես նաև հայրենիքի, ընկերության մասին․ «Համատեղ փորձերի ընթացքում երեխաների հետ զրույցները հրաշալի հնարավորություն էին միմյանց ճանաչելու և ընկերանալու, ինչը, թերևս, սպասվող փառատոնի բուն նպատակն ու իմաստն է»:
Ապրիլի 11-ին փառատոնի երգերը միասին փորձելու համար Ստեփանակերտում մաեստրո Հեքեքյանին սպասում էին տեղի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին կից մանկական երգչախումբը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի «Ծիածան», Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախմբերը, Հադրութի երգչախմբի սաները։
Տիգրան Հեքեքյանի ներկայացմամբ՝ արցախցի երեխաները երգում էին սիրով, նվիրումով, սրտանց ու հաճույքով։ «Հումորով լի, անմիջական պահվածքից գոտեպնդված՝ երեխաները եռանդով, պատրաստակամ ու ջանասիրաբար էին արձագանքում իմ ամեն խոսքին, կլանում երգեցողության նրբությունների մասին խորհուրդները, իսկ հայրենիքի, հայի, միասնության և մեր ապագայի մասին զրույցները լսում էին իմաստուն, արժանապատիվ ու խելոք աչուկներով: Արցախի մանուկների երգը լեցուն էր սիրով և ուժով»,- փաստել է Տիգրան Հեքեքյանը և հավելել, որ Սյունիք և Արցախ կատարած այցերի վերջին կետն Արցախ աշխարհի Մարտունի քաղաքն էր։
Նշենք, որ «Երգով ու սիրով» խորագրով ծրագրի երկրորդ փուլում մայիսի 28-ին Կապանում տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և մարզի երգչախմբերի համատեղ համերգը։ Արցախի համերգը հունիսի 1-ին կկայանա Ստեփանակերտում: «Հնարավորության դեպքում Արցախից մեկ հավաքական երգչախումբ՝ 30-40 երեխա, ներկա կգտնվի Կապանում կայանալիք համերգին: Դա կնպաստի միջմարզային կապերի ամրապնդմանն ու երեխաների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանը: Փառատոնին ակնկալվում է Սյունիքի մարզից 100 երեխայի մասնակցություն, իսկ Արցախից՝ 150»,- ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: