«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի Օհանջանյանի ղեկավարությամբ հետազոտություն են իրականացրել «Տարբերվո՞ւմ են արդյոք էլեկտրոլիզի արդյունքները տարբեր սարքավորումներով էլեկտրոլիզ իրականացնելիս» թեմայով: Նշյալ հետազոտությունը, ինչպես նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Ֆիտոնցիդների ազդեցությունը սննդամթերքի պահպանման ժամկետների վրա» նախագիծը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի «Քիմիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել:

Կապանցի պատանի գիտնականները փորձն իրականացնելիս Էլեկտրոլիտի լուծույթը պատրաստելու համար օգտագործել են 5 գ պղնձարջասպ, 70 մլ ջուր և 20 մլ ծծմբական թթու՝ նախապես կշռելով նաև էլեկտրոդները՝ 7-ական գրամ: Հավաքել են էլեկտրական շղթա՝ կազմված հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, էլեկտրոլիտային գուռից, բանալուց և գրաֆիտե էլեկտրոդներից: Էլեկտրոդները, ընկղմելով լուծույթի մեջ, միացրել են հոսանքի աղբյուրը և 30 րոպեի ընթացքում հետևել էլեկտրոլիզի ընթացքին: Ինչպես ներկայացնում են, էլեկտրոլիզից հետո գրաֆիտե կաթոդի վրա նստած կարմիր պղնձով հանդերձ կշռելուց հետո այն դարձել էր 8 գրամ:

Հետազոտությունը նրանք իրականացրել են 3 փուլով: Այսպիսով, երկրորդ փորձի ընթացքում էլեկտրոլիտային գուռի մեջ ընկղմել են մետաղական էլեկտրոդներ: «Էլեկտրական շղթայում ներառված էր շիկացման լամպ` շղթայում հոսանքի առկայությունը ստուգելու համար: Եթե բանալին փակելով՝ լամպը վառվում է, ապա շղթայում առկա է հոսանք: 30 րոպե անց կաթոդը կրկին կշռելուց հետո ստացանք 0,5 գրամ պղնձի անջատում»,- մասնագիտորեն բացատրում է Արտյոմը:

Երրորդ փորձը կատարել են ներարկիչից պատրաստված տարայում: «Կարգավորիչի միջոցով բարձրացնում ենք լարումը՝ դրական և բացասական բևեռները համապատասխանաբար միացնելով անոդին և կաթոդին: 30 րոպե անց կարող ենք տեսնել 0,28 գրամ պղնձի անջատումը»,- ընկերոջն է լրացնում Սոնան:

Եռափուլ փորձից հետո աշակերտներն այլևս վստահ են՝ անկախ օգտագործված սարքավորումներից, ստացվել են էլեկտրոլիզի նույն արդյունքները:

Քիմիան այլ կողմից է բացահայտել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Գրիգորյանը՝ Հասմիկ Ղազարյանի ղեկավարությամբ:

Ֆիտոնցիդները կենսաբանական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են բորբոսասնկերի դեմ պայքարում: Հետազոտության նպատակն էր ստուգել ֆիտոնցիդներ պարունակող բույսերի՝ եղևնու, կոճապղպեղի, սխտորի, սոխի և մանանեխի ազդեցությունը սննդամթերքի վրա: Որպես սննդամթերքի նմուշ՝ Աննան ընտրել էր հաց, կիտրոն և պանիր:

«Ֆիտոնցիդային ակտիվությունը նմուշների մոտ տարբեր է,- եզրակացրել է Աննան,- ամենաթույլ ակտիվությունը ցուցաբերել են եղևնին և կոճապղպեղը, ամենաուժեղը՝ մանանեխը»: Այսպիսով, պատանի գիտնականն իր հետազոտության արդյունքում առաջարկում է մանանեխն օգտագործել արդյունաբերության մեջ՝ սննդամթերքի ժամկետը երկարեցնելու նպատակով: