Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 37 երկիր ներկայացնող շուրջ 450 ըմբիշ պայքարելու է Եվրոպայի առաջնության չեմպիոնության համար: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր է մեկնելու 7 մարզիկով․ մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ասել է, որ կազմն ընտրելիս գլխավորապես հաշվի է առել Հայաստանի առաջնության և վերջերս կայացած միջազգային մրցաշարերի արդյունքները. «Տարին հագեցած է մրցաշարերով, որոնք ժամանակային շատ քիչ տարբերությամբ հաջորդում են իրար: Դրա համար այնպիսի կազմ ենք ընտրել, որ վարկանիշային և մինչև 23 տարեկանների մրցաշարերին հավասարաչափ ուժերով մասնակցենք»:

Խոսելով առաջիկա ստուգատեսում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացակայության մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ նա թարմ ուժերով և մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին. «Արթուրը կմասնակցի Բուխարեստի միջազգային մրցաշարին, որն անցկացվելու է Օլիմպիական խաղերից առաջ: Նա իրեն լավ է զգում, թարմ ուժերով կպատրաստվի Օլիմպիական խաղերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը: Վարշավայում առաջինը պայքարի են դուրս գալու ազատոճայինները. նրանք մեդալների համար կպայքարեն ապրիլի 19-21-ին, ապա մրցագորգը կզիջեն հունահռոմեականներին: