2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է հոբելյանական տարվա ծրագրերը:

Հայաստանի ազգային պատկերասրահը 100-ամյա պատմություն ունի

1921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է ապագա Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։

Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում՝ դառնալով Հայաստանի խոշորագույն և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծ թանգարանն աշխարհում։ Տասնյակ տարիների ընթացքում նվիրյալների ջանքերով զարգացող թանգարանն այսօր արդեն ունի ավելի քան 40.000 թանգարանային առարկա ընդգրկող հավաքածու, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի հրաշալի նմուշներ:

Հոբելյանական ծրագրեր և միջոցառումներ

Պատկերասրահի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի շրջանակում մեկնարկում են մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մշակման և իրագործման փուլում են։ Նախատեսվում է սկսել Հայաստանի ազգային պատկերասրահի տարեգրքի լույսընծայումը, որի առաջին հատորը նվիրված կլինի թանգարանի, առանձին բաժինների պատմությանը: Ընթացքում են նաև թանգարանի 100-ամյակին նվիրված ծավալուն պատկերագրքի հրատարակչական աշխատանքները:

Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր նույնպես, ուսումնասիրելով համաշխարհային փորձն ու նվաճումները և հարմարեցնելով պատկերասրահի գործունեությունը ժամանակակից թանգարանի չափանիշների պահանջներին, թանգարանը շարունակում է դեռևս մեկ դար առաջ սկսած ազգանվեր գործն ու հոգևոր-մշակութային ժառանգության փոխանցումը հետագա սերունդներին:

Մշտական ցուցադրություն

Մշտական ցուցադրությունը յուրաքանչյուր թանգարանի այցեքարտն է և բնականաբար ներկայացնում է թանգարանի հավաքածուի լավագույն նմուշները: Տարիներ շարունակ պատկերասրահի մշտական ցուցադրությունում ընդգրկվել է տասնյակ հազարավոր հրաշալի ցուցանմուշներ ունեցող հարուստ հավաքածուի ընդամենը 5 տոկոսը: Այսօր ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի ծրագրերի առաջնահերթություններից է նոր՝ ընդլայնված և արդիականացված ցուցադրության վերաբացումը, դասական և արդի արվեստի երկխոսության միջավայրի ձևավորումը:

Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները

Մշտական ցուցադրության կազմում նախատեսվում է ընդգրկել թանգարանային առարկաներ ֆոնդապահոցներից, ձևավորել մոբիլ (շարժական) ցուցադրություն, որը հնարավորություն կտա առանց ընդհանուր բովանդակային կոնցեպտի խախտման պարբերաբար թարմացնելու ցուցադրության որոշ հատվածներ՝ ընդգրկելով պահոցային աշխատանքների առավել մեծ քանակ:

«Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները» ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր վերանորոգված «Գրաֆիկայի» համապատասխան սրահի ձևավորումը, որտեղ պարբերաբար փոփոխվող յուրատիպ ցուցադրությունների միջոցով այցելուին կներկայացվի ՀԱՊ-ի ֆոնդերում պահվող յուրօրինակ և տպագրական գրաֆիկայի հարուստ հավաքածուն, որը թերևս մինչ օրս մեծամասամբ անծանոթ է հանրությանը:

Հայեցակարգային համալրումներ և հանրահռչակման ծրագրեր

Պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի ծրագրերի շրջանակում մեկնարկում է նաև վերականգնված լավագույն ցուցանմուշի/ցուցանմուշների պարբերական ցուցադրությունը՝ վերականգնման բարդ պրոցեսի փուլային նկարագրությամբ: Առանցքային ձեռքբերումներից կլինեն նաև լուսանկարչության ֆոնդի ձևավորումը, ինչպես նաև ժամանակակից արվեստի հավաքածուի հայեցակարգային համալրումը, պաշտոնական կայքէջի արդիականացումը, պատկերասրահի պատմությունն ու գործունեությունը, թանգարանային նմուշներն ու դրանց վերականգնման ընթացքը լուսաբանող կարճ տեսանյութերի շարքի ստեղծումը: