Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գե ղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «ԴՈ-ից ՍԻ» խորագրով:

Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի՝ ժամը 15։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր դպրոցականների առջև՝ հաղորդակցվելու դասական երաժշտության հետ և բացահայտելու դասական նվագախմբային երաժշտության ստեղծման գաղտնիքները: Ծրագրին անվճար հիմունքներով կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող նախագծի մեկնարկից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է նախաձեռնության իրականացման կապակցությամբ և նշել, որ այն ուղղված է կրթություն-մշակույթ ինտեգրման ապահովմանը, երեխաներին մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելուն և մշակութային օջախներ այցելելու նկատմամբ երեխաների շրջանում վաղ տարիքից սեր արթնացնելուն, որոնք և ԿԳՄՍ նախարարության ռազմավարական առաջնահերթություններից են:

«Այս տեսանկյունից պետք է նշեմ, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերից նախարարությունն իրականացրել է «Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը», որով բոլոր հանրակրթական դպրոցների 1-12 դասարանների աշակերտները հնարավորություն են ստացել անվճար հիմունքով այցելելու թանգարան, թատրոն և համերգասրահ»,- ասել է նախարարության ներկայացուցիչը և հավելել, որ «Դպրոցական ֆիլհարմոնիայի» ծրագիրը մշակութային օջախներ այցելելու հնարավորության տարբերակներից մեկն է: Աստղիկ Մարաբյանը նաև շեշտել է, որ երեխաներն իրենց ընտրությամբ կարող են այցելել թե՛ այս ծրագրին, թե՛ ընտրել համերգային մեկ այլ ծրագիր՝ մշակութային այս կամ այլ հաստատությունում:

ՀԱՖՆ տնօրենի պաշտոնակատարը Վիկտոր Մնացականյանը տեղեկացրել է, որ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը մեկնարկել է դեռևս 1947 թվականին. տևական ժամանակ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հետ շարունակել է այդ ավանդույթը: Նրա խոսքով՝ որոշակի դադարից հետո այժմ ծրագիրը կիրականացվի նորովի, թարմ մտքերով, գաղափարներով, նոր ծրագրով:

«Ֆիլհարմոնիկի այս տարվա կրթական ծրագրերի մեջ ներառված է նաև Լեոնարդ Բերնսթայնի «Young People's Concerts» համերգաշարի հեռուստացուցադրությունը, որի իրավունքները ձեռք են բերվել վերջերս: Այս համերգաշարի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ գրավիչ կերպով փոքրիկ ունկնդիրներին կներկայացնի դասական երաժշտության գաղտնիքները»,- ևս մեկ կրթական ծրագրի մասին տեղեկացրել է տնօրենի պաշտոնակատարը:

Համերգի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը վստահություն է հայտնել, որ նման համերգները ոչ միայն գեղագիտական ու երաժշտական բարձր ճաշակ են ձևավորում երեխաների շրջանում, այլև հետաքրքրություն են արթնացնում դեպի դասական երաժշտական գործիքները: Նա նշել է նաև, որ «Դո-ից Սի» համերգային-կրթական ծրագրի ժամանակ կստեղծվի մի առանձնահատուկ մթնոլորտ, որտեղ երեխաները կկարողանան վայելել դասական երաժշտությունը։

Նշենք, որ այսօրվա համերգային ծրագրում կհնչեն Ա. Խաչատրյան՝ «Վալս», Մոցարտ՝ Նախերգանք «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից, Յ. Ս. Բախ՝ Արիա Թիվ 3 սյուիտից, Կ․ Խաչատրյան՝ հատվածներ «Չիպոլինիո» բալետից, Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները»: