Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Կենսաբանություն» անվանակարգի մրցանակակիրներն են ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Ալցհայմերով հիվանդների գեների էքսպրեսիայի ուսումնասիրությունը» և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սովորողները՝ «Զարմանահրաշ բակտերիաներ» նախագծերով:

«Ալցհայմերի հիվանդությունն ուղեղի խանգարում է, որը դանդաղորեն ոչնչացնում է հիշողության և մտածողության հմտությունները և, ի վերջո, ամենապարզ առաջադրանքները կատարելու ունակությունը»,- բացատրում են ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ Միլենա Բաղդասարյանը, Արսեն Միրիբյանը և Վահե Գաբրիելյանը, որոնք էլ կատարել են հետազոտությունը:

Հիվանդությունը կոչվում է այն հայտնաբերողի՝ գերմանացի Ալցհայմերի անունով: Աշակերտների կատարած փորձի նպատակն է օգտագործել բիոոինֆորմատիկական մեթոդները և գեների էքսպրեսիաների տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ մոլեկուլային փոփոխություններ են տեղի ունենում Ալցհայմերի հիվանդության ժամանակ, և առնչություններ գտնել ասիմպտոմատիկ և սիմպտոմատիկ Ալցհայմերի միջև:

Ինչպես նկարագրում են՝ առաջին ախտանշաններից է հիշողության կորուստը: Սկզբում վնասվում է կարճատև հիշողությունը. հիվանդը չի հիշում՝ երեկ ինչ է արել: Ըստ դպրոցահասակ գիտնականների՝ Հայաստանում շատ տարածված հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում տարեցների շրջանում:

«Մոլեկուլային մակարդակում կան հիվանդության առաջացման մի քանի վարկածներ, օրինակ՝ նեյրոնները չեն կարողանում փոխանակվել ինֆորմացիայով: Նեյրոնը նյարդային բջիջն է, որը մեր օրգանիզմում ինֆորմացիան փոխանցողն է էլեկտրական կամ քիմիական ազդակների միջոցով,- շտապում է բացատրել պատանի գիտնական Վահեն,- ուղղակի այն ամենը, ինչ մենք մտածում ենք, քիմիական նյութեր են»:

Աշակերտները փորձը կատարել են՝ հիմք ընդունելով կենսաինֆորմատիկան: Ըստ նրանց՝ Ալցհայմերով հիվանդ մարդու ուղեղի զանգվածը կրճատվում է, այն քաղցկեղի նման դրսևորվում է տարբեր փուլերով: Հիվանդությունը կարող է արտահայտվել ասիմպտոմատիկ՝ 6 ամսից 1 տարվա ընթացքում վերածվելով սիմտպոմատիկի:

Ապագա բժիշկ նեյրոկենսաբանները եկել են այն եզրակացության, որ Ալցհայմերի հիվանդության ժամանակ նեյրոններն իրենց տեղն են զիջում ուղեկից բջիջներին, ինչի հետևանքով էլ նեյրոնների քանակը գնալով պակասում է: Նրանք լիահույս են, որ գիտությանը կհաջողվի կանխել այդ գործընթացը, և հնարավորինս շատ կյանքեր կփրկվեն:

Ի տարբերություն «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների՝ Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ Վիկտորյա Ադամյանը, Սյուզաննա Կանայանը և Արեգ Աբրահամյանը, փորձել են գտնել բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներ:

«Վնասատու միջատների դեմ պայքարի ուսումնասիրությունը մեզ տարավ Հայաստանի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, որտեղ ստացել էին Bacillus thuringiensis-ի BTGK1 ջրալույծ մելանին արտադրող մուտանտ շտամը»,- ներկայացնում են աշակերտները:

Աշակերտների խնդիրն էր ուսումնասիրել Bacillus thuringiensis-ի BTGK1 մուտանտ շտամի մելանինի սինթեզման համար սննդամիջավայրի (ֆերմենտացիոն միջավայրի) PH-ի, ծավալի, ջերմաստիճանի բարենպաստ պայմանները։ Այդ բակտերիաները նրանք անվանել են «մարդկության փոքրիկ բարեկամներ», իսկ դրանց հակադիր բակտերիաները՝ պեսցիդիտները՝ «մարդկության նենգ օգնականներ», քանի որ դրանք «օգնության դիմաց» նաև մեծ վնասներ են հասցնում բուսական աշխարհին:

Հետազոտող աշակերտները ներկայացրել են իրենց եզրակացությունը. «BTGK1 մուտանտ շտամի կողմից կենսամելանինի սինթեզումը կախված է միջավայրի PH-ից, ծավալից և ջերմաստիճանից։ Երբ միջավայրը լիարժեք է, ապա մելանինի սինթեզի համար ամենաբարենպաստը 32ºC է, միջավայրի գունավորումը սկսվում է 16 ժամից։ Երբ միջավայրը նվազագույնն է, ապա կենսասինթեզի համար պահանջվում է 37ºC ջերմաստիճան, իսկ միջավայրի գունավորումը կսկսի 12 ժամից»։

Կենսատեխնոլոգիաներն առաջարկում են այլընտրանքային մոտեցումներ մարդկության առջև ծառացած խնդիրների լուծման համար՝ նվազեցնելով քիմիական եղանակով ստացված նյութերի կիրառումը։ Այդ տեխնոլոգիաները կիրառելի են մարդկային գործունեության բոլոր բնագավառներում։

Աշակերտները խոստացել են, որ նախագիծը կշարունակեն և կուսումնասիրեն բույսերի վրա կենսամելանինի ազդեցությունը՝ որպես աճի խթանիչ, դրա պայմանները։ «Կարևորում ենք թեման մեր երկրի համար՝ հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները և մշակվող հողերի սակավությունը»,- եզրափակել են նրանք: