Ապրիլի 9-ին կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը:

Ա․ Մանթաշյանը ծնվել է Երևանում 1932 թ.-ի օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956 թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և որպես լավագույն շրջանավարտ հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958 թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան:

Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975 թ. վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել դոկտորական դիսերտացիան:

1973 թ.-ից Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987-2006 թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը, 2007-2011 թթ. ղեկավարել է ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Ա․ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիաների բնագավառում: Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում:

Ա․ Մանթաշյան քիմիկոս գիտնականին բնորոշ էր հիմնարար գիտական հիմնախնդիրների համադրումը գործնական խնդիրների հետ: Գիտական ​​նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Արամ Նալբանդյանի հետ մշակվել է ազատ ռադիկալների սառեցման (մատրիցային մեկուսացում) նոր, արդյունավետ կինետիկական եղանակ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի համակցմամբ:
  • Տվյալ եղանակի կիրառմամբ առաջին անգամ բացահայտվել են ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաների ազատ ռադիկալները:
  • Հաստատվել է ոչ գծային ռեակցիաների պերօքսիդային ռադիկալների միջև որոշիչ դերակատարությունը ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ ռեակցիաներում:
  • Առաջարկվել է ածխաջրածինների օքսիդացման գործնականորեն նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս պարաֆինային և օլեֆինային ածխաջրածինների օքսիդացումը դիտարկել միևնույն տեսանկյունից:
  • Ածխաջրածինների օքսիդացման արդյունքում մշակվել են արտադրական կարևոր միացությունների ստացման եղանակներ, ինչպիսիք են էթիլենը, պրոպիլենը և դրա օքսիդները:

Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ:

Ադոլֆ Մանթաշյանը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ կադրերի պատրաստմանը: 1963-1976 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Տեսական քիմիայի ամբիոնում: Շուրջ 15 տարի հասարակական հիմունքներով ղեկավարել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը:

Ճանաչված գիտնականի, արժանապատիվ քաղաքացու, բարյացակամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում: