ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն աշխատանքային այցով եղել են Վանաձորի պետական համալսարանում: ԿԳՄՍ ներկայացուցիչները նախ այցելել են բուհի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան, շրջել դասասենյակներով, ինչպես նաև հետաքրքրվել սաների ու աշխատակիցների խնդիրներով: ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է վարժարանի շենքային պայմաններին և լաբորատոր հնարավորություններին:
Շրջայցը շարունակվել է համալսարանում, որտեղ հյուրերը շրջել են համակարգչային լսարաններում և համալիր լաբորատորիաներում՝ ծանոթանալով դրանց տեխնիկական հագեցվածությանը:
Կարեն Թռչունյանը և Նաիրի Հարությունյանը հանդիպել են նաև բուհի գիտական խորհրդի անդամների հետ, որի ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն ու առաջարկներն են ուղղել հյուրերին: Հարցերը հիմնականում վերաբերել են սոցփաթեթի բացակայությանը, հոգաբարձուների խորհրդի նիստերի կազմակերպմանը և այլն: Համալսարանի գիտխորհրդի անդամներն իրենց մտահոգությունն են արտահայտել հենակետային վարժարանի շենքային պայմանների առնչությամբ:
Կարեն Թռչունյանի խոսքով՝ ցանկացած բուհի կարևորագույն օղակներից մեկը գիտական խորհուրդն է: Այդ համատեքստում փոխնախարարը կարևորել է նմանօրինակ հանդիպումները և հետաքրքրվել գիտխորհրդի անդամների՝ բուհի զարգացման տեսլականով: Նա նաև կարևորել է բուհի զարգացման գործում ամենօրյա շարունակական աշխատանքները:
ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից առաջարկ է հնչել բնական գիտությունների համար սահմանված անվճար տեղերի թիվն ավելացնել, որին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում՝ ներկայացնելով համապատասխան թվային տվյալներ, որոնք վերջին տարիներին ավելացել են:
Կարեն Թռչունյանը վստահեցրել է, որ նմանօրինակ հանդիպումներն այսուհետ լինելու են հաճախակի՝ միտված առաջնահերթ խնդիրների վերհանմանն ու դրանց հրատապ լուծմանը:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հյուրերին ներկայացվել են մարզի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կենտրոնի կողմից իրականացվող կրթական, հետազոտական և բիզնես ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ՎՏԿ-ի շահառու հանդիսացող ՏՏ և ինժեներական ընկերությունների գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տեխնոլոգիական ներուժն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով այլ՝ ավանդական ու կենսական ոլորտների առաջընթացի հնարավորությունները։