Մոսկվայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում անգերազանցելի է եղել Կարեն Ավագյանը. պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցել է 200 կգ արդյունք՝ երկամարտի 375 կգ-ով դառնալով աշխարհամասի չեմպիոն:

Նույն քաշային կարգում երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունն ավարտել է 170 կգ-ով, իսկ հրումը՝ 195 կգ-ով: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ռևազ Դավիդաձեն (երկամարտում՝ 374 կգ):

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելա Յայլյանը նվաճել է մեկ փոքր արծաթե մեդալ (պոկում վարժություն), իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկ փոքր բրոնզե մեդալ (հրում վարժություն)։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։ Ապրիլի 8-ին ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը հանդիպել են Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նախարար Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել ծանրորդներին, խոսել թիմային հաղթանակի կարևորության մասին՝ ընդգծելով, որ մեդալները ոչ միայն մարզիկների և նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլև ոգևորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:

Հավելենք, որ այսօր հայ ծանրորդներից մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և կանանց հավաքականից Լիանա Գյուրջյանը (81 կգ): Մկրտչյանը երկամարտի համար նախնական պատվիրել է 370 կգ, Հովհաննիսյանը՝ 375 կգ, իսկ Գյուրջյանը՝ 230 կգ:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ Տաթև Հակոբյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):


Լուսանկարները՝ SPUTNIK / ГРИГОРИЙ СЫСОЕВ