ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Գործողություն սովի դեմ (Action Against Hunger)» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության իրականացրած աշխատանքները և նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2020 թվականն իրավամբ մարտահրավերներով լի տարի էր Հայաստանի համար: Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մինչ այդ հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պայքարելու COVID-19-ի դեմ: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում նախարարությունը մի կողմից փորձում է լուծումներ տալ առկա մարտահրավերներին, իսկ մյուս կողմից շարունակում է ԿԳՄՍ ոլորտների ռազմավարական բարեփոխումների գործընթացը:

Մարսելլա Մաքսֆիլդն իր հերթին նշել է, որ «Գործողություն սովի դեմ» կազմակերպությունն աշխարհի ավելի քան հիսուն երկրներում պայքարում է սովի և այն ծնող պատճառների դեմ: Նրա խոսքով՝ 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է տարաբնույթ ծրագրեր՝ կենսապահովման, գյուղատնտեսության, զբաղվածության, ինչպես նաև կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի, սննդի անվտանգության ապահովման և սննդակարգի խրախուսման ուղղությամբ: Նա նշել է, որ GIZ-ի և այլ զարգացման գործընկերների հետ կազմակերպությունը գործունեություն է ծավալել նաև ՄԿՈՒ ոլորտում՝ կրթություն–աշխատաշուկա կապի ապահովման տեսանկյունից: Հումանիտար աջակցության ծրագրային բաղադրիչից զատ՝ կազմակերպությունը զբաղվածության, ձեռներեցության և կրթության ոլորտներում իրականացնում է զարգացմանն ուղղված ծրագրեր։

Այդ համատեքստում քննարկվել են «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի շրջանակում, մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության, ԿԶՆԱԿ-ի կարողությունների զարգացման, փափուկ հմտությունների զարգացման, դուալ կրթության ներդրման և այլ ուղղություններով հնարավոր համագործակցության հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երիտասարդության ոլորտի կարևորությանը, որի շրջանակում փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկել է իրենց առաջիկա ծրագրերը կյանքի կոչել նաև Կապանում, որը հռչակվել է այս տարվա երիտասարդական քաղաք: