ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվում են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու:

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ի հետ այդ նախագծում ներգրավված են Ռուսաստանից ժամանած 14 փորձառու մասնագետներ, որոնց մեծ մասը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի տեսաձայնագրման անձնակազմից են: Նախագծի հնչյունային ռեժիսորն Իլյա Պետրովն է (Գրեմմիի հավակնորդ, 2014 թ.), բեմադրող ռեժիսորը՝ Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005 թ., 2008 թ.), բեմադրող օպերատորն ու տեխնիկական տնօրենը՝ Արսենի Նիկոլայևը:

Տեսաձայնագրության առաջին փուլում՝ 2021 թվականի հունվարի 16-23-ը, ձայնագրվել են կոմպոզիտորի Թիվ 1, 2 և 5 սիմֆոնիաները: Առաջին փուլը կայացել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում: Աշխատանքների երկրորդ փուլում՝ մարտի 27-ից ապրիլի 1-ը, մասնագետների խումբը Ֆիլհարմոնիկի հետ տեսաձայնագրել են Բեթհովենի Թիվ 4, 6, 7 սիմֆոնիաները: Կատարված տեսաձայնագրություններն այժմ հետարտադրական փուլում են (Post Production): Մարինյան թատրոնի մասնագետների պնդմամբ՝ աշխատանքները կարող են դասվել աշխարհի լավագույն ձայնագրությունների շարքին: Նախագծի պրոդյուսերն է ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը:

Բեթհովենյան սիմֆոնիաների տեսաձայնագրությունների ամբողջական ժողովածուն Հայաստանի նվագախմբային արվեստի պատմության մեջ եզակի ձեռքբերում է: Այդ հավաքածուն եզակի է նաև նախկին Խորհրդային Միության երկրների կտրվածքով:

Գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաներին այդ կերպ անդրադառնալը շատ արդիական և խորհրդանշական է, քանի որ անցած տարի կոմպոզիտորական արվեստի այդ հսկայի 250-ամյա հոբելյանն էր, և ողջ աշխարհը ստիպված էր համավարակի պատճառով բոլոր միջոցառումները տեղափոխել 2021 թվական: