«Էրազմուսծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը:

WBL4JOB նախագծի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականության, իրավական շրջանակի և բարձրագույն կրթության ընդհանրական մոդելի մշակումն է՝ ի նպաստ բուհերի շրջանավարտների աշխատունակության։ Հայաստանից նախագծում ներգրաված է երկու բուհ՝ Շիրակի պետական համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, պրոռեկտոր և ծրագրի կոորդինատոր Արայիկ Նավոյանի, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել ծրագրի վերաբերյալ քննարկում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ կրթական մոդելների արդիականացումը կարևոր է, սակայն պետք է ապահովել ծրագրի սահուն և հասցեական իրականացումը: Կարեն Թռչունյանի խոսքով՝ WBL4JOB նախագիծը չպետք է նույնականանա ՄԿՈՒ հաստատություններում իրականացվող դուալ կրթական համակարգի հետ և պետք է համապատասխանի բարձրագույն կրթության չափանիշներին:

Հաշվի առնելով, որ ԱՀՈՒ-ի իրականացման համար անհրաժեշտ է գործատուների ակտիվ մասնակցություն՝ քննարկվել է նախագծի իրականացումը մասնավորապես բանկային ոլորտում՝ որպես բարձր մրցակցային պայմաններով և զարգացող բնագավառ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, խոսելով ծրագրի արդյունավետ իրականացման համար բուհերի, մասնավոր հատվածի և պետական ինստիտուտների փոխգործակցության կարևորությունից, ընդգծել է բուհ-գործատու համագործակցության դաշտի ներկայիս խնդիրների վերաբերյալ համապարփակ վերլուծության և, ըստ այդմ, փոխշահավետ կառուցակարգի մշակումը, ինչին ներկաները դրական են արձագանքել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև WBL4JOB ծրագրի իրականացման, դրա հաշվետվողականության մեթոդաբանությանն առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ ԱՀՈՒ մոդելի արդյունավետ ներդրումը կնպաստի աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության, բուհերի և գործատուների համագործակցության մակարդակի բարձրացմանը: