Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության շրջանակում:

ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմինե Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատանքի վրա հիմնված գործընթացի այս ձևաչափը նոր է մեր երկրի կրթական համակարգի համար և շատ կարևոր ՄԿՈՒ հաստատությունների համար: Նրա խոսքով՝ առաջիկայում կընդլայնվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգն ու այն կիրառող ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների թիվը:

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին կարևորել է նոր փորձի ու մշակույթի արմատավորումը և շնորհակալություն հայտնել դրան նպաստող բոլոր կողմերին:

«Lավատեղյակ լինելով Ագրարային համալսարանում վերջին տարիներին իրականացվող հետևողական բարեփոխումներին` համոզված եմ, որ այս նախաձեռնությունը բուհում շղթայական զարգացում է ունենալու՝ հանգեցնելով գործնական կրթության նպատակների իրականացմանը»,- նշել է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ գործնական ուսուցման հետագա ճակատագիրը մեծապես կախված է այդ ծրագրի հաջողությունից. «Ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման գործընթացը, անշուշտ, մեկնարկել է այս հուշագրերի ստորագրումից դեռ շատ առաջ, բայց այսօր մենք սկիզբ ենք դնում արդեն ամուր հիմքերով դուալ կրթության զարգացման նոր փուլի: Վստա՛հ եղեք, որ սա ներդրում է մեր երկրի ապագայի մեջ, քանի որ միասին դաստիարակելու և կայացնելու ենք մասնագետների նոր սերունդ»:

Փոխըմբռնման հուշագրերը կնպաստեն գինեգործության ոլորտում կրթության ոլորտի և մասնավոր հատվածի միջև կայուն համագործակցությանը: Երկկողմ գործընթացը միտված է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:

Համագործակցության շրջանակում քոլեջի ուսանողները, տեսական ուսուցմանը զուգահեռ, գործնական հմտություններ ձեռք կբերեն «Արմենիա վայն» գործարան ՍՊ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ, «Վիննովեյշն» ՍՊ, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ, «Վայնվորքս» ՓԲ, «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲ ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և GIZ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017 թվականից պիլոտավորվում է գերմանական դուալ համակարգը, որի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը: