ՀՀ հավաքական թիմերի մարզիկներն այսուհետ կստանան հոգեբանական աջակցության ծառայություններ։ ՀՀ կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է ««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» որոշումը, որն իրագործվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային հատկացումների շրջանակում և ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու: Նախատեսվում է այս տարի ծրագիրն իրականացնել մինչև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ավարտը, իսկ հաջորդող տարիներին դրա շարունակականությունը կապահովվի ոլորտին տրվող ընդհանուր հատկացումների շրջանակում:

Որոշման ընդունմամբ՝ հոգեբանության ժամանակակից մեթոդների և աջակցության հնարավորությունների կիրառման միջոցով կապահովվի մարզիկների բարենպաստ ու կայուն ֆունկցիոնալ վիճակը՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելու պահանջներին համապատասխան:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշման նախագիծը մշակել է՝ հիմնվելով 2013-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա և վերլուծելով վերջին տարիներին սպորտային պատրաստության գործընթացի արդյունավետության, մարզաշխարհում առաջատար պետությունների նվաճումների պատճառները, ինչից ակնհայտ է դարձել, որ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ներդնել համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր՝ հագեցած նպատակային և կարևորագույն ինովացիոն մեթոդներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծրագրի վերաբերյալ քննարկումներ է ունեցել հավաքականների գլխավոր մարզիչների և հոգեբանների աշխատանքային խմբի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել Է, որ կողմերից ակնկալում է արդյունավետ համագործակցություն. «Մարզիկները նախամրցումային շրջանում և հատկապես Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Յուրաքանչյուր մարզիկ և մարզիչ պետք է հստակ գիտակցեն այս ծրագրի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Վստահ եմ, որ արդյունքները բացառապես դրական են լինելու»:

Մարզիչները դրական են արձագանքել ԿԳՄՍՆ նախաձեռնությանը՝ նշելով, որ դա երկար սպասված և անհրաժեշտ քայլ է, որը դրական կազդի մարզիկների և նրանց գրանցած արդյունքների վրա։

«Մինչև հիմա ինքներս ենք հոգեբանի դեր կատարել, բայց պրոֆեսիոնալների աշխատանքը, վստահաբար, այլ արդյունք կտա»,- ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Մարզիչները հոգեբանների աշխատանքային խմբին ներկայացրել են մարզաձևերի առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված՝ իրենց ակնկալիքները: Հոգեբանների աշխատանքային խմբի անդամ, մարզական հոգեբան, հիպնո-թերապևտ Թաթուլ Միրզոյանի խոսքով՝ ինքն ու գործընկերները ջանք չեն խնայելու, որպեսզի լրացնեն ոլորտում առկա բացը. «Հատկապես վերջին 50 տարիներին մարզական հոգեբանությունը մեծ քայլերով առաջ է գնում: Առաջատար երկրներում մարզական հոգեբանի աշխատանքը հաստիքային է: Բնականաբար, հասկանալի է մեր երկրի տնտեսական վիճակը, բայց դա չի նշանակում, որ մեր մարզիկներին հոգեբան անհրաժեշտ չէ: Սպորտն ինքնին սթրեսային գործունեության ձև է, մարզիկներն անընդհատ սթրեսների մեջ են՝ սպասումներ, հաղթանակներ և պարտություններ. այս պայմաններում նրանք չեն կարող չունենալ հոգեբանական աջակցության կարիք: Մարզիչն օգնում է կարգավորել մարմինը, ֆիզիկական ուժը, վարպետությունը, իսկ մենք կօգնենք հոգեբանորեն ճիշտ պատրաստվել մրցումներին»: