«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։

Փոխդեսպանը տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության դեպքում պատրաստ են համագործակցության։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ողջունել է լեհական կողմի գաղափարը և նշել, որ համատեղ ֆիլմարտադրության կազմակերպումը կարող է իրականացվել երկրի պետական ֆինանսավորման չափանիշներին համաձայն և փաստել, որ և՛ Հայաստանը, և՛ Լեհաստանը անդամակցում են Եվրիմաժին, ինչը ևս մեկ հնարավորություն է երկուստեք զարգացնելու համատեղ կինոարտադրությունը։

Հանդիպման ընթացքում կինոկենտրոնի տնօրենը փոխդեսպանին ներկայացրել է նաև 2018 թվականից կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ ֆիլմերի վերականգնման ոլորտում, որոնք դարձել են կինոժառանգության վերականգնման օրինակելի նմուշներ (Ս Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը, «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած հատվածները, որոնք հետո ինստալացիա ձևաչափով ցուցադրվել են Ռոտերդամի փառատոնում և այլն)։

Կողմերը խոսել են նաև հայ և լեհ կինոգործիչների համատեղ հանդիպումների առցանց հարթակ ստեղծելու մասին, ինչն առավել առարկայական շփումների և գործակցության հնարավորություն կընձեռի։

Կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանն էլ առաջարկել է Լոձի կինոինստիտուտի հետ հայ ուսանողների համար ձեռնարկել կրթական նոր ծրագիր, քանի որ բուհն աշխարհում ամենահայտնի կինոդպրոցներից է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են դիտարկել առաջարկությունները, որից հետո կհանդիպեն քննարկելու համագործակցության հաջորդ քայլերը։