Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։ Պետությունը նախատեսում է խիստ պահանջներ ներկայացնել գիտական աստիճան շնորհելու հարցում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է իր համակարգման ոլորտում առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների, սահմանվող պահանջների, ակնկալվող արդյունքների և գիտական համայնքին առնչվող խնդիրների տեսլականը:

Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքով նախատեսվում է կրթական 3-րդ մակարդակի (PHD) ներմուծումը

Կրթական 3-րդ աստիճանի զարգացման և որակի ապահովման գործընթացի իրականացմանը նպաստելու է նաև «Էրազմուս+»-ի միջոցով հայաստանյան բուհերի շահած ARMDOC ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում դոկտորական կրթությունը բարեփոխել Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը միտված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։

Բարեփոխումներ կարելի է իրականացնել անվերջ, բայց դրանք իրականացնելու համար պետք է ունենալ տվյալ իրավիճակի հստակ վերլուծություն

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանի՝ որևէ բարեփոխում իրականացնելիս, այս դեպքում՝ կրթական 3-րդ աստիճան (PHD) ընդունելուց հետո, շատ կարևոր է հստակ չափանիշներ մշակել՝ հասկանալու համար, թե որ բուհերը կստանան լիցենզիա այդպիսի կրթական աստիճանի մատուցման համար: Նախարարի տեղակալը՝ որպես բուհական ոլորտի համակարգող, առաջնորդվում է «ունենալ որակյալ կրթություն բոլոր մակարդակներում և պատրաստել որակյալ ու մրցունակ կադրեր» գաղափարախոսությամբ: 3-րդ աստիճանի ներմուծումը նշանակում է մշակել և՛ ճիշտ հայեցակարգ ու ռազմավարություն, և՛ գիտական որակյալ կադրեր պատրաստելու մեխանիզմներ:

Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում պետք է համապատասխանի խիստ պահանջների՝ բարձր նշաձողով, ինչը որակյալ կադրեր և գիտահետազոտական լավ աշխատանքներ ունենալու նախապայման է: Կ. Թռչունյանը որպես չափանիշ առանձնացնում է, օրինակ, բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում ու պարբերականներում տպագրվելը «Հայ գիտնականին պետք է հնարավորություն տալ մրցակցելու աշխարհի գիտնականների հետ: Եթե լավ գիտնական ես, տպագրվել ես գիտական աշխարհում ազդեցիկ ամսագրերում, ապա կգնահատվես»:

Տարբեր միջազգային կազմակերպություններ առաջարկում են իրենց երկրներում ստանալ հետբուհական կրթություն: Հայաստանը ևս կարող է այդպիսի ծրագրերով դուրս գալ միջազգային ասպարեզ

«Պետք է քննարկել ոչ թե անվերջ, այլ արագ և անցնել հստակ քայլերի»,- ասում է Կ. Թռչունյանը: Ըստ նրա՝ Հայաստանի բուհական համակարգն ունի 3-րդ մակարդակի կրթություն իրականացնելու, միջազգայնորեն ընդունելի չափանիշներ սահմանելու դեպքում՝ նաև դրսից վճարովի ուսանող ներգրավելու հնարավորություններ: Դա Հայաստանի կրթական վարկանիշը բարձրացնելու ուղիղ միջոց է: Խիստ չափանիշներն ու բարձր նշաձողը նոր կրթական մակարդակում հնարավորություն կտան միջազգային հարթակում ներկայանալ որակյալ PHD կադրերի պատրաստմամբ, լինել մրցունակ և բարձրացնել մեր երկրի կրթական շուկայի գրավչությունը: Սա միջազգայնացման խթան է, ինչը ենթադրում է համագործակցություններ ուսումնական, գիտահետազոտական կենտրոնների հետ:

Շատ կարևոր է նաև հասարակության շրջանում շարունակաբար բարձրաձայնել գիտնականի և պետականաշինության գործում նրա դերի մասին՝ ցույց տալով, թե ինչու մենք պետք է ունենանք լավ գիտնականներ և ներդրում անենք գիտական տարբեր ոլորտներում:

«Գիտական ոլորտի ոչ մի ուղղություն չպետք է ստվերում մնա: Մեր պետության համար շատ կարևոր է STEM կրթությունը, բայց դա չի նշանակում, որ հումանիտար ոլորտը պետք է անտեսվի, որովհետև ամեն մի ոլորտ ունի իր ներդրումը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի սահմանած 3 հիմնական խնդիրներից են մարդու պահպանումը, ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և էներգիայի ապահովումը, որոնք անմիջականորեն առնչվում են կենսաբանության հետ:

Առաջնային է նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունը

«Մրցակցությունն է ստիպում մասնավոր ընկերություններին գնալ նորարարություններ փնտրելու, որոնք հիմնականում գտնվում են համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում, իսկ մեր երկրում մասնավոր հատվածի մրցակցային դաշտը թույլ է»,- փաստում է ԿԹռչունյանը: Այս առումով պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ արտոնություններ սահմանի մասնավոր հատվածի համար: Պետք է հասկանալ մասնավորի՝ ներդրում կատարելու դրդապատճառները, և ըստ այդմ՝ սահմանել համագործակցային մեխանիզմներ: