«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել միջգերատեսչական առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Edu2Work հարթակի և ծրագրի արդյունքների կիրառելիությունը փաստահենք քաղաքականությունների մշակման համար։ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի երեք հիմնական մասնակիցներն են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունները: Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը՝ մասնավորապես ընդգծելով. «Ծրագիրը հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին ու մասնագետներին որոշումներ կայացնելիս ավելի տեղեկացված լինել, ինչպես նաև տիրապետել այսօրվա և վաղվա աշխատաշուկայի պահանջներին»:

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը

Ծրագիրը ստեղծվել է Հայաստանում աշխատուժի պահանջարկի և առաջարկի մշտական անհամատեղելիությանն ի պատասխան։ Այն նպատակ ունի օգտագործել տվյալագիտության և վարքաբանության ամբողջական ներուժը` փաստահենք քաղաքականություններ մշակելու և կրթությունն ու աշխատաշուկան կամրջելու հեռանկարով: Ծրագրի առաքելությունը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է` նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն և ավելի տեղեկացված որոշումներ կայացնելուն։ Ծրագիրը ՀՀ փոխվարչապետի գրասենյակի «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնության մասն է։ Ստացված արդյունքները կծառայեն որպես առաջարկներ՝ աջակցելու Կառավարության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։

Ի՞նչ է Edu2Work հարթակը

Edu2Work հարթակը ստեղծվել է արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանությունը հավասարակշռելու նպատակով։

Տնտեսության որոշ ոլորտներ միշտ ունեն համապատասխան աշխատուժի պակաս, իսկ մյուսներում կա առաջարկի ավելցուկ։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ կարիերայի ընտրությանն առնչվող կարծրատիպեր, կրթության և աշխատաշուկայի միջև թույլ կապ և այլն։ Անկախ տնտեսության մեջ առկա կառուցվածքային փոփոխություններից` շատ համալսարաններ դեռ պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք պահանջված էին տասնամյակներ առաջ, իսկ ուսանողները դեռ ընտրում են ավանդական համարվող և որոշակիորեն հեղինակություն վայելող մասնագիտություններ։

Սա հիմնականում պայմանավորված է աշխատաշուկայում միտումների մասին իրական ժամանակում առկա տեղեկատվության բացակայության, ինչպես նաև բոլոր կողմերի միջև հաղորդակցության և կոորդինացիայի պակասով։ Ուսանողների հիմնական մասը ձեռք է բերում պահանջված մասնագիտություններ, սակայն համալսարանը ավարտելուց հետո կրթությունը աշխատանքի վերածելու խնդիր է առաջանում։

Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում, մշակել փաստահենք քաղաքականություններ և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։

Ո՞ւմ համար է այս հարթակը

Edu2Work հարթակը ստեղծվել է օգտատերերի երեք հիմնական խմբերի համար

1.Ուսանողներն ու կարիերայի կենտրոնների մասնագետները կարող են օգտագործել Edu2Work հարթակը

  • Աշխատաշուկայի միտումները հասկանալու և առավել համապատասխան աշխատանքը գտնելու համար,
  • Ներկայում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ուսումնասիրելու համար,
  • Բացահայտելու այն հմտությունները, որոնք կօգնեն նրանց գտնել իրենց տեղն աշխատաշուկայում ,
  • Իրենց հմտություններին համապատասխանող առկա թափուր հաստիքների վերաբերյալ ուղղորդում ստանալու համար,
  • Մի կարիերայից մյուսն անցում կատարելու համար փոխանցիկ հմտությունները բացահայտելու համար:

2.Քաղաքականություն մշակողներն ու հետազոտողները կարող են օգտագործել արհեստական բանականությամբ օժտված այս հարթակը

  • Իրական ժամանակում տեսնելու աշխատաշուկայի այն հատվածի ընդհանուր պատկերը, որն արտացոլվում է առցանց հայտարարություններում,
  • Ժամանակային կտրվածքով և տարբեր մարզերի մակարդակով աշխատաշուկայի փոփոխություններին հետևելու և ապագայի միտումների մասին վերլուծություն ստանալու համար,
  • Գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտություններն ու հմտությունները բացահայտելու և համապատասխան քաղաքականություններ մշակելու համար:

3.Համալսարաններն ու կրթական այլ հաստատությունները կարող են օգտագործել նորարար հարթակը

  • Բացահայտելու ամենապահանջված աշխատանքները և հետևելու աշխատաշուկայի փոփոխություններին՝ հմտությունների բոլոր մակարդակներում,
  • Գնահատելու իրենց կրթական ծրագրերի արդիականությունը և դրանք համապատասխանեցնելու աշխատաշուկայի պահանջներին:
  • Հարթակի տրամադրած տվյալների հիման վրա մշակելու գործատուների այսօրվա կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և ուղղորդել ուսանողներին: