ՀՀ Արմավիրի մարզի 5 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2016 և 2020 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ:

Այցը մեկնարկել է Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցից, որտեղ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման և գործունեության ընթացքը, անդրադարձել առաջիկա անելիքներին: Նշվել է, որ նախակրթարանը գործում է 5-օրյա աշխատանքային ռեժիմով, և երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին: Նախակրթարանը 2016 թ.-ին ստեղծվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Այն ի սկզբանե նախատեսված է եղել 60 երեխայի համար, սակայն հետագայում դպրոցը ստեղծել է լրացուցիչ ևս մեկ խումբ, որի արդյունքում այժմ նախակրթարան է հաճախում 100 երեխա:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Այգեվանի, Արաքսի, Դաշտի և Ոսկեհատի միջնակարգ դպրոցներ, որտեղ ևս իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:

Նշենք, որ բոլոր հինգ նախակրթարանները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 5 տարեկան ավելի քան 25 երեխա, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Բոլոր նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Նախակրթարաններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները:

Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: