ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին:
Նախարարի տեղակալը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ռեկտորը Կ. Թռչունյանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Նշենք, որ կենտրոնի առկայությունը նպաստել է բուհի միջազգայնացմանը: Բուհում արդիական սարքավորումների առկայությունն ամրապնդել է գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով սպորտային բժշկության ոլորտի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը: Ժամանակակից սարքավորումներով զինված գիտահետազոտական կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողներն ու դասախոսները, այլև մարզաառողջարարական ոլորտում մասնագիտացված կազմակերպություններն ու անհատները:
Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ. քննարկվել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները թե՛ ուսումնական, թե՛ վարչական հատվածներում։ Ներկայացվել են կատարված բարեփոխումները, բարեկարգումները, գրանցված առաջընթացը: Միաժամանակ անդրադարձ է եղել բուհի կրթական զարգացման տեսլականին, նախատեսվող ծրագրերի հնարավոր խոչընդոտներին և ծրագրային առաջընթացին խանգարող հանգամանքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանն իր աջակցությունն է հայտնել բուհի ներկայացրած առաջարկներին և հավելել, որ ուսհաստատությունն ազատ է հետագայում ևս առաջ քաշելու նոր գաղափարներ, որոնք կքննարկվեն և հնարավորության դեպքում՝ կյանքի կկոչվեն: