Իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 1-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով։

Կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլն։

Համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։

Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը: Նա իր համերգների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի ստեղծագործություններից: