Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Փաստաթղթի վավերացմանը ներկա էին մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Երևանում «Ռուսական տուն» կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը: Մինչ հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանանչողական այցով շրջել են համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներում։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումն ունի կարևոր նշանակություն: «Այս համագործակցությունը կարող է ամուր հիմք հանդիսանալ բուհ-գործատու փոխգործակցության համար, որը կնպաստի երկաթգծի շինարարության և շահագործման որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը»,- նշել է ՃՇՀԱՀ ռեկտորը և հավելել, որ հուշագիրն ուսումնական գործընթացից բացի ներառում է նաև համագործակցության լայն շրջանակ՝ գիտահետազոտական և փորձարարական նախագծերի համատեղ իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական սեմինարների, համաժողովների և խորհրդակցությունների իրականացում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վերահաստատել է հուշագրի ստորագրման, ինչպես նաև այս ոլորտում կրթական ծրագրի ներդրման կարևորությունը և նշել, որ այս փաստաթղթով երկաթգծի ապագա ենթակառուցվածքների հիմքն է դրվում: «Մեր կազմակերպությունում արդեն աշխատում են ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները, որոնք երկաթուղու շինարարության և վերանորոգման ոլորտում արհեստավարժ մասնագետներ են, նրանցից շատերն էլ ընկերությունում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ»,- փաստել է ընկերության տնօրենը և վստահություն հայտնել, որ այն մասնագետները, որոնք ուսումնառություն կանցնեն այս բուհում, կդառնան այն հենքը, որի վրա կկառուցվի երկաթուղու ապագան:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագրի վավերացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ունի գործնական մեծ նշանակություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շեշտել է, որ նմանատիպ ծրագրերը Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեղող մասնագիտություններ են ներդրվում կրթական գործընթացում: «Կարևոր առաջընթացներից է նաև այն, որ կրթական ծրագրերում համագործակցում ենք այն ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք վերջնարդյունքի օգտագործողն են լինելու: Այս համատեքստում համագործակցության հուշագիրը միտված է երկաթուղու մասնագետների պատրաստմանը: Այսօր այցելել ենք նաև համալսարանում գործող լաբորատորիաներ, որոնց առկայությունը վկայում է մեծ առաջընթացի մասին: Մենք պետք է կարողանանք այս գիտական պոտենցյալը կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտահանել ԱՊՀ երկրներ և Մերձավոր Արևելք»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական և որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում: