Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաներն արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծված այդ ենթակառուցվածքների նպատակն է վարժարանում ստեղծել արդիական ուսումնական միջավայր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ վարժարանի ուսուցիչներ և աշակերտներ:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին, որոնց ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել ծրագիրը և շնորհակալագրեր հանձնել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին:

«Համոզված ենք, որ այս արմատական փոփոխությունը նոր որակ կբերի և մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում: Հուսով ենք, որ այս արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի հանրակրթության որակի բարելավմանը»,- նշել է ՀԱԱՀ ռեկտորը:

«Հույս ունենք, որ այս լաբորատորիաները կնպաստեն բնագիտական առարկաներից միջազգային օլիմպիադաներում դպրոցի նոր ձեռքբերումներին, քանի որ ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական բազմաբնույթ փառատոներին ու միջազգային մրցույթներին աշակերտների մասնակցությունն առավել քան իրատեսական է դառնում»,- իր հերթին ընդգծել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Ասրյանը:

Հավելենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը «Կրթական ծրագրերի կենտրոնը» նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը և լաբորատորիաների կահավորման մոդելները, ինչպես նաև կատարվել է կարիքների գնահատում: Լաբորատորիաների կահավորմանը զուգահեռ՝ իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: