64 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը։

Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում՝ երաժիշտների ընտանիքում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 1983 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):

Սուրեն Զաքարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է: Հեղինակ է բազմաթիվ կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում: Շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանի հոգեհանգիստը մարտի 22-ին՝ ժամը 18:00-ից, տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Սուրեն Զաքարյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին: