Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախապատրաստել է միջոցառման ծրագիր: Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ԿԳՄՍ նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհային աջակցությամբ տպագրվել է 2020 թ.-ին։

Գրքի ուսումնասիրության նյութը վերջին կեսդարյա շրջանի հայ պոեզիայի պատմությանը, գեղարվեստական համակարգի ձևավորմանն ու ուղղություններին առնչվող հարցերն են։ Գրքում մեկնաբանվում են առանձին հեղինակների գրական ժառանգությունը, աշխարհայացքը, պոետիկան, գեղարվեստական ընթացքի օրինաչափություններն ընդհանուր համակարգի ներսում։

Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում կցուցադրվեն նաև այն հեղինակների գործերը, որոնց անդրադարձել է Սուրեն Աբրահամյանը։

Միջոցառման բանախոսներն են՝ Արմեն Ավանեսյան (գրքի խմբագիր, «Արմավ» հրատարակչության տնօրեն), Ռազմիկ Դավոյան (բանաստեղծ, հասարակական գործիչ), Հենրիկ Էդոյան (բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր), Արքմենիկ Նիկողոսյան (գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու), Արմեն Մարտիրոսյան (արձակագիր):