Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հատուկ մանկավարժ Արթուր Գևորգյանը պատմում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում ՏՄԱԿ-ի գործունեության, դպրոցներում բազմամասնագիտական թիմի, ուսուցիչների և ծնողների հետ համագործակցության մասին:

Համաձայն «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի՝ եթե նույնիսկ դպրոցում չկա բազմամասնագիտական թիմ, ապա միևնույնն է, դպրոցը պետք է ընդունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին: ՏՄԱԿ-ները զբաղվում են այդ երեխաների և՛ գնահատմամբ, և՛ աջակցությամբ:

«ՏՄԱԿ-ից աջակցողներ են գործուղվում այն դպրոցներ, որոնք չունեն բազմամասնագիտական թիմ, բայց ունեն ԿԱՊԿՈՒ երեխաներ: Երեխայի կարիքից կախված՝ որոշվում է, թե շաբաթական որքան ժամաքանակով է պետք աշխատել երեխաների հետ»,- բացատրում է մասնագետը:

Մինչ Երևանի թիվ 2 ՏՄԱԿ-ում աշխատելն Ա. Գևորգյանը մասնագիտական փորձ է ձեռք բերել Երևանի տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում, տարաբնույթ թեմաներով վերապատրաստվել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային տարբեր հաստատություններում՝ «ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների խորհրդատվություն», «Երեխայի շարժունակության զարգացում», «Դեռահասների մասնագիտական կողմնորոշում», «Ներառական կրթություն» և այլն: Փորձառությունն այսօր նրան՝ որպես հրավիրված մասնագետի թույլ է տալիս վերապատրաստել դայակների, ուսուցիչների և տնօրենների: Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում Ա. Գևորգյանը հիմնականում իրականացնում է հետազոտություն և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության՝ նաև աջակցություն:

Գնահատումը բաժանված է 3 մակարդակի՝ դպրոցական, տարածքային և հանրապետական: Ներկայացնելով աշխատանքային գործունեությունը՝ հատուկ մանկավարժ Արթուր Գևորգյանը փաստում է. «Դպրոցական մակարդակի գնահատումն արվում է դպրոցի ներսում բազմամասնագիտական թիմի կամ առարկայական ուսուցիչների, ուսուցչի օգնականի կողմից՝ պարտադիր ծնողի համաձայնությամբ: Ցույց է տրվում երեխայի կարիքների առկա մակարդակը, այն է՝ թե որքանով է նրա կրթական կարիքը թույլ: Եթե հանդիպում են միջին որակի խնդիրների, այդ դեպքում հայտ են ներկայացնում, որպեսզի ՏՄԱԿ-ը կազմակերպի տարածքային մակարդակի գնահատում, որովհետև վկայագրվելու համար անհրաժեշտ է ՏՄԱԿ-ի, այնուհետև հանրապետական մակարդակի գնահատման հիմքով ֆունկցիոնալության նկարագիր ունենալ»:

Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը սպասարկում է Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները:

Գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարիքային օղակը փոխելիս՝ մանկապարտեզից դպրոց գնալիս, 5-րդ, ապա՝ 10-րդ դասարաններում: Ըստ օրակարգի՝ ՏՄԱԿ-ի աշխատակիցները գործուղվում են տվյալ դպրոց, և յուրաքանչյուր թիմ ամեն օր սպասարկում է 2-3 երեխա: Աշխատողները բաժանվում են թիմերի, և սկսվում է փուլային գործընթացը: Առաջին աշխատանքները տարվում են ծնողների հետ: Եթե ծնողը որևէ փուլում հրաժարվում է երեխայի գնահատումից, ապա գործընթացը կասեցվում է կամ չի սկսվում: Հնարավոր է նաև, որ ծնողն ինքը սեփական նախաձեռնությամբ երեխային ներկայացնի ՏՄԱԿ՝ գնահատման:

ՏՄԱԿ-ի գործունեության շրջանակում աջակցություն է տրվում ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաներին, այլև ուսուցիչներին և ծնողներին՝ խորհրդատվության տեսքով, ինչպես նաև փաստաթղթավարության մասով:

ՏՄԱԿ-ի աշխատակցի գործառույթներից է օժանդակել դպրոցի առարկայական ուսուցիչներին՝ լրացնելու երեխաների անհատական ուսուցման պլանը (ԱՈՒՊ), որին կից կա մեկ այլ փաստաթուղթ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ), որն էլ լրացվում է բազմամասնագիտական թիմի կողմից:

«ՄԱԾԱՊ-ը ԱՈՒՊ-ին կից փաստաթուղթ է: Երեխան կարող է ունենալ ՄԱԾԱՊ, սակայն եթե առանց դժվարության յուրացնում է առարկայական չափորոշչով նախատեսված գիտելիքը, հնարավոր է՝ չունենա ԱՈւՊ֊ի կարիք: Սակայն ցանկացած ԱՈւՊ ունեցող երեխայի համար մշակվում է նաև ՄԱԾԱՊ, քանի որ առարկայական չափորոշչով նախատեսված գիտելիքի յուրացման համար երեխային պետք է աջակցեն համապատասխան մասնագետները։: Գնահատման ամենահաջողված վերջնարդյունքը ԿՉ-ն է՝ «Կարիք չունի» եզրակացությունը, երբ թիմային աշխատանքը հասել է նպատակին, և երեխան այլևս որևէ օգնության կարիք չունի»,- եզրափակում է Արթուր Գևորգյանը: