ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են արտադպրոցական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորման կարգը և կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը:

Իրավական ակտը տարածվում է նախարարության համակարգում գործող կազմակերպությունների վրա: Ֆինանսավորումը տրվում է ըստ իրականացվող միջոցառումների` կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Սահմանվել է, որ Հայաստանում և Արցախում անցկացվելիք միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր մասնակցի համար գիշերակաց հաշվարկվում է առավելագույնը մինչև 5000 դրամ (ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում) կամ մինչև 3000 դրամ (առանց ծախսերը հիմնավորող փաստաթղթերի): Օրապահիկ սահմանվել է մինչև 2500 դրամ, իսկ ուսումնամարզական հավաքների օրական կեցության ծախսը՝ մինչև 9800 դրամ:

Տրանսպորտային ծախսերը 1 ուղղությամբ Երևան քաղաքում հաշվարկվում է 100 դրամ, իսկ Հայաստանի և Արցախի տարածքում՝ միջքաղաքային երթուղիների համար սահմանված սակագների չափերով:

ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքից դուրս անցկացվելիք մարզական միջոցառումների համար կիրառվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 390-Ն որոշման դրույթները:

Արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպությունները կարող են ֆինանսական միջոցներ ստանալ պատվոգրեր, հավաստագրեր, դիպլոմներ, մեդալներ և գավաթներ ձեռք բերելու համար: Նախատեսված են նաև ծառայությունների գրասենյակային և տնտեսական նյութերի, հագուստի ձեռքբերման և այլ ծախսեր:

Ֆինանսավորման հայտերն արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունները նախարարություն պետք է ներկայացնեն՝ համաձայն հաստատված ձևաչափի: