«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում:
Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ:
Նախորդիվ Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և փաթեթի հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ էին քվեարկել վերոնշյալ փաթեթին: Քննարկումը տեղափոխվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ:
Համատեղ առաջարկները վերաբերում էին ռեկտորների ընտրության և բուհերի հավատարմագրման կարգերին և վկայականների վավերականության ժամկետներին, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման սկզբունքներին, դրանց լիցենզավորման պայմաններին և օրենսդրական փաթեթի այլ հոդվածներին:
Հնչած առաջարկները կքննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում: