«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակում մարտի 11-12-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատաժողովը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն էր տեղական հետազոտական ինստիտուտների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին փոխանցել հետազոտությունների առևտրայնացման եվրոպական փորձը՝ ուղղված ՓՄՁ կարիքների բավարարմանը և նոր արդյունքների ստեղծմանը: Քննարկված առաջնային խնդիրներն էին՝ բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը ոլորտում համատեղ գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում և այլն:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորել է թեմայի՝ թեկուզ առցանց ձևաչափով քննարկման անհրաժեշտությունը և հույս հայտնել միջոցառման ավարտից հետո, գործընկերների միջև արդյունավետ համագործակցությամբ Հայաստանում հետազոտություն կատարելուց զատ, անցում կատարել արդյունք ապահովող աշխատանքներին. «Այսօր Հայաստանում առաջնահերթություն է գիտելիքը արդյունքի վերածելու անհրաժեշտությունը: Լաբորատորիաներում կատարվող հետազոտությունները մնում են լաբորատորիաներում. սա առաջնային խնդիր է, որը շտապ լուծում է պահանջում»:

Աշխատաժողովին մասնակցել են հետազոտական ինստիտուտների հետազոտողներ, ակադեմիական կառույցների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի խոսնակներն էին եվրոպական մի շարք համալսարանների փորձագետներ: Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: