Մարտի 10-ից 29-ը հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիայի շրջանակում առաջին անգամ առցանց ձևաչափով կանցկացվի երկրաշարժագիտության ոլորտում տեխնիկական սեմինարների շարք:

Սեմինարի ընթացքում չինացի մասնագետները հայ գործընկերների համար հանդես կգան զեկուցումներով, որոնցում կներկայացվեն երկրաշարժերի կանխատեսման հնարավորություններն ու օրինակները, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման նոր մոտեցումները, հայ-չինական համագործակցության շրջանակում Հայաստանում կառուցվելիք սեյսմաերկրադինամիկական համալիր կայանների կառուցման հնարավորությունները, երկրադինամիկական հետազոտություններ և այլն:

Հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիան գործում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ու Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի համագործակցությամբ 2019 թ. հուլիսի 5-ին ՀՀ գիտության կոմիտեի և ՉԺՀ Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև կնքված «Երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին» հուշագրի շրջանակում:

Հուշագրի նպատակներն են երկրաշարժերի ուսումնասիրության ոլորտում հայ-չինական համագործակցության խթանումն ու համատեղ հետազոտությունների իրականացումը: Համագործակցությունը նախատեսում է նաև սեյսմիկ անվտանգության խնդիրներ ուսումնասիրող միջազգային գիտական ցանցին միացում և Հայաստանի տարածքում սեյսմոլոգիական կայանների ստեղծում: