Ազգային ժողովը մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենսդրական փաթեթի նախագիծը, որը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարն անդրադարձել է այն փոփոխություններին, որոնք կատարվել են նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Վահրամ Դումանյանը նշել է, որ նախկինում ռեկտորի ընտրության հարցում առաջարկվում էր ընտրանքային տարբերակ, երբ պետք է ներկայացվեր մինչև 3 թեկնածու, իսկ լիազոր մարմնի ղեկավարը երեքից մեկին նշանակեր այդ պաշտոնում. «Տարբեր քննարկումների և առաջարկությունների ուսումնասիրության արդյունքում որոշում կայացվեց փոխել այդ դրույթը և առաջարկել հետևյալ փոփոխությունը. ռեկտորն ընտրվում է խորհրդում՝ ցուցակային կազմի կեսից ավելի ձայն հավաքելու պարագայում և հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից»:

Երկրորդ փոփոխությունը, ըստ Վահրամ Դումանյանի, այն է, որ նախորդ տարբերակում նշվում էր, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ. այժմ նախագահի պաշտոնավարման այդ սահմանափակումը հանվել է:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարչական պաշտոն զբաղեցնողների համար սահմանված տարիքային վերին շեմին. նախորդ տարբերակում ամրագրված 65 տարեկանն առաջարկվում է դարձնել 70:

Ըստ նախարարի՝ առաջին ընթերցման տարբերակում ռեկտոր, ամբիոնի վարիչ, դեկան պաշտոնները վարչական էին. ներկա օրինագծով առաջարկվում է դրանք համարել ակադեմիական պաշտոններ:

«Այստեղ հարցեր էին առաջանում այդ պաշտոնի հավակնորդներին ներկայացվող պահանջների հետ կապված, մասնավորապես՝ ռեկտորի, դրա համար ընտրել ենք ավելի ճկուն և բուհերի ինքնավարությանն ավելի միտված դրույթ, այն է՝ բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, իսկ օրենքում կամրագրվի միայն գիտական աստիճանի առկայության պահանջը»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

Փոփոխություն է տեղի ունեցել նաև բուհերի հավատարմագրման գործընթացում: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով բուհերի առաջարկները՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարևորագույն գործընթացում ընտրվել է ավելի պարզ և գործուն մեթոդ:

Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը. «Բուհն է որոշելու ինչ համամասնությամբ բաշխել այդ 4 տեղը, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով սահմանված ժամկետում բուհը չի ներկայացնում համապատասխան անդամության թեկնածուներ, ապա լիազոր մարմինն այդ տեղերը լրացնում է իր հայեցողությամբ»:

Ելույթից հետո պատգամավորները հարցեր են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք վերաբերել են տարիքային շեմին, ռեկտորի ընտրությանը և ռոտացիայի կարգին:

Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը. «Բուհերի ակադեմիական ազատությունների իմաստով մենք բուհերին տվել ենք շատ լիազորություններ: Բուհերի ռեկտորների, գիտական համայնքի ներկայացուցիչների հետ կրկին հանդիպում է նախատեսվում»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ընթացքում մի շարք պատգամավորների առաջարկություններ դեռ չեն քվեարկվել, առաջարկել է օրենքի նախագիծը կրկին տեղափոխել հանձնաժողով՝ առաջինից երկրորդ ընթերցման փուլ, որի ընթացքում կդիտարկվեն և հաշվի կառնվեն բոլոր առաջարկները:

Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ են քվեարկել նախագծին: Այնուհետև 86 «կողմ» և 1 «դեմ» ձայնով ընդունվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: