ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու Սամարայի Ս. Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտահետազոտական խմբերը համատեղ մշակելու են նոր միասնական ծրագրակազմ, որը թույլ կտա դաշտային պայմաններում ինքնավար կերպով վերլուծել արբանյակներից կամ անօդաչու թռչող սարքերից ստացված թվային պատկերները՝ առանց մարդու միջամտության և առանց ցամաքային համակարգչային սարքավորումների, նեյրոնային ցանցերի ու տվյալների բազաների ներգրավման:

«Պատկերների տեքստուրային հատկությունների հետ համաձայնեցված ինֆորմատիվ հայտանիշների հավաքակազմի ձևավորման արդյունավետ հաշվողական ընթացակարգերի կառուցում» գիտահետազոտական ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին և ֆինանսավորման է երաշխավորվել «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի արդյունքում, որն իրականացվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (РФФИ) համատեղ ծրագրերի աջակցությամբ:

«Հետազոտության արդյունքում նպատակ ունենք տեքստուրաների համապարփակ մաթեմատիկական նկարագրության շնորհիվ մշակել ալգորիթմներ, որոնք թույլ կտան ապահովել թռչող սարքերից, արբանյակներից ստացված պատկերների վերլուծությունը ոչ թե այլ պատկերների հետ համեմատության, նեյրոնային ցանցերի և բարդ դասակարգիչների միջոցով, ինչպես դա արվում է ներկայում, այլ տվյալ պատկերի տեքստուրայի ինքնավար ճանաչման և դասակարգման հիման վրա: Տեքստուրա ասելով` նկատի ունենք տվյալ տեղանքի առանձնահատկությունները` բուսականությունը, ջրային ծածկույթը, ռելիեֆը, իսկ բժշկական կիրառության դեպքում` տվյալ օրգանի կառուցվածքը, գոյացությունների առկայությունը և այլն»,- ասում է ծրագրի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը:

Խմբի անդամ, պրոֆեսոր Դավիթ Ասատրյանի խոսքով` հետազոտությունը լայն կիրառելիություն կունենա արբանյակային մշտադիտարկման և հեռահար զոնդավորման, բժշկական վաղաժամ ախտորոշման, անօդաչու սարքերն «ինքնավար ուղեղով» օժտելու և մի շարք այլ ուղղություններով:

Հայ-ռուսական համագործակցությունը տվյալ ոլորտում թույլ է տալիս կատարել աշխատանքի արդյունավետ համաձայնեցում` արբանյակային և տիեզերական հիպերսպեկտրային տեխնոլոգիաների ոլորտում առկա հսկայական տվյալների բազաները հասանելի դարձնելով հայ գիտնականների համար: Վերջիններս էլ ոլորտում մեծ փորձառության և կուտակված գիտելիքների շնորհիվ առաջարկում են իրենց մեթոդաբանությունն ու ալգորիթմները` նոր ինֆորմատիվ հայտանիշների հայտնաբերման համար:

Ծրագրի ռուսաստանյան կողմի հաղորդմամբ` երկկողմ համագործակցության արդյունքում ակնկալվող լուծումը լուրջ նախադրյալներ է ստեղծում թեթև անօդաչու թռչող սարքերի վրա տեղակայվող շարժական հիպերսպեկտրաչափերի ստեղծման համար: Ալգորիթմների օգտագործումը թույլ կտա ԱԹՍ-ների բորտային համակարգերի միկրոսխեմաների կիրառմամբ տեղում հաշվարկել խնդրո առարկա օբյեկտների ինֆորմատիվ հայտանիշները: