Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։

Համերգը կայանալու է մարտի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործություններից:

Հայկ Մելիքյանը նշել է, որ այս համերգն իր համար խորհրդանշական է և պատասխանատու. «Անչափ ուրախ եմ այս անգամ ելույթ ունենալ մի ծրագրով, որը կատարելու եմ սիրելի ուսուցչիս՝ պրոֆեսոր, դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին. այս տարի նա կդառնար 70 տարեկան: Ծրագրում ներառել եմ բացառապես ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք դեռ տարիներ առաջ պատրաստել եմ ուսուցչիս հետ։ Նաև մեծ ուրախությամբ եմ փաստում իմ վերադարձն այս գեղեցիկ համերգասրահ: Նախկինում զրկված ենք եղել պատշաճ գործիքի առկայությունից, այդ իսկ պատճառով բազում տարիներ այս դահլիճում հանդես չեմ եկել»:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ստացել է «Yamaha» ընկերության երաժշտական գործիքներ: