Ներկայացնում ենք Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում

Ըստ այժմ գործող կարգավորման՝
1) Յուրաքանչյուր տարի երեք կրթական աստիճաններով հատկացվում են անվճար և վճարովի տեղեր՝ ըստ բուհերի ու մասնագիտությունների (կրթական ծրագրերի)։
2) Բակալավրի կրթական մակարդակում ընդունելությունն իրականացվում է միասնական, կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունների և միասնական մրցույթի միջոցով:
3) «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր չէ բոլոր մասնագիտությունների ընդունելության համար:

Օրենքի նախագծի կարգավորմամբ՝

1) Կառավարությունը եռամյա ժամանակահատվածի համար հաստատում է ըստ ակադեմիական բնագավառների և կրթական ոլորտների (ներառյալ կլինիկական ռեզիդենտուրայի) նախատեսվող պետական ուսանողական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը՝ հաջորդ երեք ուսումնական տարիների կտրվածքով՝ պայմանավորված երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներով և համապատասխան ուղղվածությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությամբ ու պետության ֆինանսական հնարավորություններով։
2) Դիմորդը, համաձայն ընդունելության քննությունների արդյունքի, կարող է ընտրել նույն ոլորտում կրթություն իրականացնող տարբեր բուհեր, և պետական ֆինանսավորումը տրվում է իր նախընտրած բուհին։ Ընդունելության մրցույթն անցկացնում են բուհերը՝ ըստ անհրաժեշտության մրցութային շեմեր սահմանելով։
3) Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է։