Կայացել են Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են 24-ական մարզիկ-մարզուհիներ:

Տղաների մենախաղում չեմպիոն է հռչակվել Հարություն Հարությունյանը, որը եզրափակչում առավելության է հասել Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը։ Կանանց մենախաղում լավագույնը Հասմիկ Խաչատրյանն է, որը վճռորոշ խաղում հաղթել է նախորդ տարվա չեմպիոն Ռուբինա Վարդանյանին: Լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Բաղչաջյանը։ Տղամարդկանց զուգախաղում առաջին մրցանակին արժանացել է Հարություն Հարությունյան-Գևորգ Աբրահամյան զույգը, իսկ կանանց զուգախաղում՝ Հասմիկ Մաթևոսյան-Մերի Հովհաննիսյան երկյակը:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը, ամփոփելով առաջնության արդյունքները, նշել է, որ կորոնավիրուսի համավարակը և պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև այս մարզաձևի վրա:

«Վերջին տարիներին մեր մարզաձևում, կարելի է ասել, առաջընթաց էինք գրանցել, սակայն նախ համավարակը, ապա պատերազմն անհետևանք չանցան: Ամեն դեպքում, հաշվի առնելով մարզումային պակասը, մրցաշարերի բացակայությունը, արդյունքներից դժգոհ չենք: Հատկապես աղջիկների առաջնությունում թեժ պայքար ընթացավ: Մի ամբողջ տարի մրցաշարեր չենք անցկացրել, այժմ փորձում ենք աստիճանաբար լրացնել բացը»,- ասել է Ֆելիքս Սարգսյանը և հավելել, որ մարտին և ապրիլին նախատեսված են երիտասարդների և պատանիների առաջնությունները, ինչպես նաև անցկացվելու են ուսումնամարզական հավաքներ: