Փետրվարի 15-28-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ առաջնությունը, որին մասնակցել է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր:

Ուժեղագույնների պայքարում չեմպիոն է դարձել Հովհաննես Գաբուզյանը, ով առաջնության սկզբից ստանձնել է առաջատարի դերը և վստահորեն պահպանել այն: Սա նրա երկրորդ չեմպիոնությունն է 2017 թվականից հետո: Վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը սև խաղաքարերով հաղթել է Տիգրան Պետրոսյանին և առաջնությունն ավարտել 8,5 միավորով: Նշենք, որ Հայաստանի նորընծա չեմպիոնը 34 կետով բարելավել է անհատական վարկանիշը և դարձել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները կիսել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, Տեր-Սահակյանը՝ բրոնզե: Մրցաշարային եզրափակիչ աղյուսակն այս հղմամբ:

Նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնության միջին վարկանիշը եղել է 2577. ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ այն 14-րդ կարգի մրցաշար է:

Նաև հիշեցնենք, որ ավելի վաղ ավարտվել է կանանց առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճել է Սուսաննա Գաբոյանը: