Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 30 երկրների շուրջ 220 բռնցքամարտիկներ: Եվրոպական բռնցքամարտի ամենահին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե, 3 բրոնզե:
91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը հիանալի ելույթներ է ունեցել. նա 3 տպավորիչ հաղթանակ է տոնել և պարտվել միայն եզրափակչում: Վճռորոշ մենամարտում Մանասյանը զիջել է մրցաշարը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Ռադոսլավ Պանտալևին՝ դառնալով արծաթե մեդալակիր:
63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը Չեխիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների դեմ հաղթական մենամարտերից հետո պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Պոպովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը (81 կգ) ևս երկու հաղթական մենամարտերից հետո պարտվել է կիսաեզրափակչում. զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Կոլսենիկովին՝ Ներսիսյանը բավարարվել է երրորդ մրցանակով: +91 կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանն էլ կիսաեզրափակչում պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախոդիր Յալոլովին, որը հետագայում դարձել է մրցաշարի չեմպիոն:
Հավելենք՝ Ստրանջայի ստուգատեսից հետո հայ բռնցքամարտիկները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։