ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը:
Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում, ինչ տեսակի ծառայությունների մատուցման նպատակով կարող են իրենց դահլիճները և այլ տարածքները տրամադրել երրորդ անձանց: Ըստ այդմ` երրորդ անձանց համար մատուցվող ծառայությունները պետք է համահունչ լինեն թատերահամերգային կազմակերպության կանոնադրական նպատակներին, չպետք է խաթարեն նրա բնականոն գործունեությունը կամ խախտեն խաղացանկը` որևէ կերպ խոչընդոտելով կազմակերպության ծրագրերի իրականացմանը։


Մեկ օրվա սակագնի հաշվարկման բանաձև


Իրավական ակտով սահմանվել է ծառայությունների մատուցման մեկ օրվա սակագնի հաշվարկման բանաձևը, որը կազմված է մի քանի բաղադրիչներից: Մասնավորապես հաշվի են առնված տարածքի ամսական վարձակալության գնահատված արժեքը` հիմնված համապատասխան որակավորում ունեցող անկախ գնահատողի եզրակացության վրա, տարածքի սարքավորումների օգտագործման արժեքը, որը որոշվում է դրանց հաշվեկշռային արժեքի 10 տոկոսը հարաբերելով տարվա օրերի թվի` 365-ի վրա, ինչպես նաև տարածքի պահպանման ծախսերը (կոմունալ և կապի վճարումներ, անվտանգության ծառայության և այլն): Առանձին բաղադրիչ է դիտարկվում նաև ծառայությունների մատուցման գործընթացում ընդգրկված աշխատողների ամսական հաշվարկային աշխատավարձի մեծությունը (դիցուք` դահլիճի մաքրության, լուսավորման համակարգի վրա աշխատող մասնագետների աշխատավարձը)։
Համաձայն կարգի` ՀՀ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող և ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ իրականացվող կրթամշակութային կամ թատերահամերգային միջոցառումների համար սահմանվում է 0,5-ից 1, իսկ այլ աղբյուրներից ֆինանսավորվող միջոցառումների համար` նվազագույնը 1,2 գործակիցները, որոնք կիրառվում են մեկ 1 օրվա սակագնի նկատմամբ:
Սակագները մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը կհաստատվեն թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հրամաններով` համաձայնեցնելով նախարարության հետ: Մինչ այդ կգործի ծառայությունների մատուցման ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանով սահմանված կարգը:


Պայմանագիր` ըստ օրինակելի ձևի


Ըստ կարգի` թատերահամերգային կազմակերպությունը երրորդ անձի հետ կնքում է պայմանագիր, որի համար պարտավոր է պատվիրատուից պահանջել միջոցառման սցենարը կամ ծրագիրը (այն համարվելու է ծառայությունների մատուցման պայմանագրի անբաժանելի մասը): Չեն կարող իրականացվել այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում կարող են խախտվել ՀՀ Սահմանադրության և իրավական այլ ակտերի պահանջները։ Կարգի հավելվածով հաստատվել է նաև պայմանագրի օրինակելի ձևը: