ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Հեծանվային սպորտի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքել է նվիրատվության պայմանագիր` վերջինիս փոխանցելով ավելի քան 26 միլիոն դրամ արժողությամբ մարզագույք:

Նվիրատվությունը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և մի խումբ բարեգործների համատեղ աշխատանքի շնորհիվ: Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը որպես բարեգործություն ստացել է հեծանվային սպորտի համար նախատեսված գույք և տեխնիկա, որոնք նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս 2020 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի № 1937-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 2173-Ա որոշմամբ՝ այն փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նվիրատվության հիմքով հեծանիվները, պաշտպանիչ սաղավարտները, հեծանիվի ղեկերը, բռնակները և բռնակների հավաքածուները, տրենաժոր-հեծանիվը, ձեռնոցները, մարզաշապիկները, կոմբիզոնները և մի շարք այլ սպորտային պարագաներ փոխանցել է «Հեծանվային սպորտի զարգացման ասոցիացիային»:

Իր հերթին կազմակերպության ղեկավարությունը մարզագույքն ըստ անհրաժեշտության հեծանվային մարզադպրոցների և մարզիկների տրամադրելու մտադրություն է հայտնել: